Նախկին պատգամավորի գյուղապետ որդու «վոյաժները»․ ինչ է կատարվում Մասիս գյուղում (տեսանյութ)


Նախկին պատգամավորի գյուղապետ որդու «վոյաժները»․ ինչ է կատարվում Մասիս գյուղում (տեսանյութ)
Հոկտեմբեր 15 15:55 2018

Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչները զայրացած են գյուղապետ Ենոք Գալստյանի  որոշման վրա։ Գյուղապետը համայնքին պատկանող հին եկեղեցու տարածքը անհասկանալի ճանապարհներով  հատկացրել է համայնքի ֆերմերներից մեկին, ով պատմամշակութային համարվող տարածքը վերածել է անասնագոմի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասացին Մասիսի բնակիչները։ Նրանք նաեւ որոշ տեսանյութեր են տրամադրել մեզ։ Նկարահանումը կատարվել է նախորդ շաբաթ, երբ Արմենիա ՀԸ «Սուր Անկյուն» հաղորդաշարի նկարահանող խումբը եւս գյուղաբնակների ահազանգով եղել է համայնքում, զրուցել նրանց հետ։ Հաղորդումն արդեն եթեր է հեռարձակվել։

Գյուղաբնակները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նման որոշումը համարում են ոչ միայն անօրինական, այլ նաեւ անբարոյական։ «Փոխարենը եկեղեցին վերակառուցեին, որ մենք էլ կարողանանքն մտնել ներս, տվել են, որ ներսում անասուն պահեն, բա սա անելու բան է՞»,- դժգոհեց Մասիսի բնակիչներից մեկը։

Նրանք նաեւ փորձել են պարզաբանում ստանալ գյուղապետ Ենոք Գալստյանից։ Գյուղապետը, սակայն մասիսիցիների պնդամբ սովորության համաձայն աշխատանքի վայրում չի եղել։ «Տարին տասներկու ամիս դրսերն է»,- ասում են գյուղացիները, շարունակելով Գալստյան Ենոքը զբաղվում է մեքենաների եւ տեխնիկայի առքուվաճառքով, եւ այդ պատճառով մշտապես բացակայում է Հայաստանից։ «Դուբայներ ու չգիտեմ որտեղ է գնում, իրա բիզնեսն է անում, մեզ էլ կրակն է գցել։ Առեւտրական է թող իրա առեւտրով զբաղվի։ Երկու տարի է գյուղապետը երեսը տեսած չկանք»,- դժգոհում են գյուղաբնակները։

Irakanum.am-ը եւս փորձեց պարզաբանում ստանալ Ենոք Գալստյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ի դեպ Ենոք Գալստյանը ԱԺ նախկին պատգամավորի որդի է։ Խոսքը Ժորա Գալստյանի մասին է, ով ներկայումս Մասիսի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է։

Նշենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով Մասիսի գյուղապետն անգամ նեղ շրջանակներում հայտարարում է, որ թավշյա հեղափոխությունից  հետո էլ վայելում է նորընտիր իշխանության հովանավորչությունը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն նա պատեհ- անպատեհ առիթով շեշտում է, որ  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընկերներից է։

Առաջիկայում մենք կհրապարակենք գյուղապետի գործունեության այլ մանրամասներ, հավելելով, որ գյուղաբնակները վճռական են տրամադրված եւ հայտարարում են, որ Մասիսում  եւս հեղափոխություն տեղի կունենա։



loading...