«Մարտի 1»-ի դեպքերից տուժածներին փոխհատուցում տալու մասին օրինագիծը կքննարկվի ԱԺ ում


«Մարտի 1»-ի դեպքերից տուժածներին փոխհատուցում տալու մասին օրինագիծը կքննարկվի ԱԺ ում
Հոկտեմբեր 15 15:35 2018

«2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: 

Այն արդեն ներառված է ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:

Օրինագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Ալեն Սիմոնյանը, հարակից զեկուցողը հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն է:

Նախագծի վերաբերյալ իրավական փորձաքննության վարչությունը Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշել է հետևյալը.

«Նախագիծը կարգավորում է 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված իրավահարաբերությունները»:

 
 

Նախագծի համաձայն՝ հատուցման ենթակա դեպք է համարվում «Մարտի 1, 2-ին» տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելը: Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե անձը մահացել է այդ իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով, կամ անձը ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է հաշմանդամություն: 

Նախագծում ասվում է նաև, որ հարկ է նկատի ունենալ, որ այդ նույն ժամանակ հնարավոր է, որ տեղի են ունեցել մի շարք այլ հանցագործություններ, որոնց արդյունքում վրա են հասել նույնաբնույթ հետևանքներ, հետևաբար՝ հաշվի առնելով Սահմանադրության որոշակիության և համաչափության սկզբունքները՝ առաջարկում են նախագծում հստակեցնել. «Մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ նախագծում սահմանելով այդ իրադարձությունների հասկացությունը՝ հիմք ընդունելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ընկալումն ու կիրառումը»: