Ազատամուտցիները կրկին բողոքում են. համայնքապետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ)


Ազատամուտցիները կրկին բողոքում են. համայնքապետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ)
Հոկտեմբեր 15 12:38 2018

Ազատամուտի համայնքապետի տեղակալ Գագիկ Բալասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ազատամուտցիները պահանջում են, որ համայքնապետի տեղակալն իրենց թեկնածուն լինի:

 

Այս  պահին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Ազատամուտում է և քննարկում է տեղի ունենում: Բնակիչները ներկայացնում են իրենց խնդիրեն ու պահանջները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում վախի մթնոլորտ էր տիրում: Բնակիչները փակում էին ճանապարհները՝ ի նշան բողոքի՝ պահանջելով համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:

Հոկտեմբերի 9-ին  դատախազի միջնորդությամբ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Տավուշի մարզային դատախազը իրենց վարույթում քննվող քրեական գործում Մարտիրոսյանին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին, իսկ արդեն երեկ դատախազը համայնքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար: Այն նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նշենք, որ որոշում է կայացվել նաև կալանավորել համայնքի ղեկավարի երեք որդիներից մեկին: Նրա նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել: Վերջինս մեղադրվում է խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

 



loading...