Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը


Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը
Հոկտեմբեր 15 12:06 2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել բանաձեւերից մեկում Ադրբեջանի առաջարկած փոփոխությունները:

Այս առնչությամբ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը։ Բանաձեւի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։

Առանցքային էր նաեւ, որ այս բանաձեւով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչեւ այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Այս բանաձեւի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք։

Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաեւ քաղաքական խմբերում։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը»:

Նա հավելել է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների Հայաստան այցի եւ իր հանդիպումների մասին կներկայացնի ավելի ուշ:



loading...