Հովհաննես Զարդարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց «Կոմիտաս» կտավը


Հովհաննես Զարդարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց «Կոմիտաս» կտավը
Սեպտեմբեր 5 19:29 2018

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված «Ակունք» ցուցահանդեսում ընդգրկվել են հեղինակի ութսունից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք կերտվել են Զարդարյանի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում: «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Ձգտում», «Ուսանողուհին Սորբոնից. Ժենյա Ավետիսյան», «Մոռացված ճանապարհ» և այլ հայտնի գործերի կողքին արվեստասերներն առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնել նաև «Կոմիտաս» կտավը, որը պատկանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Մեծանուն նկարիչն իր հիսուն տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում մեծ ժառանգություն թողեց. ոչ միայն բնապատկերներ, նատյուրմորտներ, այլև դիմանկարներ: Ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Զարդարյանի ընտանիքին և պատկերասրահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանի խոսքով` պատահական չէ, որ ընտրվել է «Ակունք» խորագիրը, քանի որ ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են գործեր, որոնք ակունք են դարձել հետագա սերունդների համար:

«Նրա գունամտածողությունը նորություն էր: Նկարչի ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նա անցել է ռեալիզմից մինչև վերացականություն: Եթե վաղ շրջանի աշխատանքներն էտյուդային գունանկարչական հենք ունեին, ապա քառասունականների վերջում և հիսունականների սկզբում դրանք ժամանակի շնչով  էին թելադրված: Բայց միևնույն է՝ նա մնում էր ազատ»,- շեշտեց համադրողը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ոգևորիչ համարեց այն հանգամանքը, որ  Զարդարյանի հոբելյանական ցուցահանդեսը մարդաշատ է: «Լավ է, որ Հայաստանի ազգային պատկերասրահը չի հենվում մշտական ցուցադրությունների վրա և պարբերաբար հայ մեծանուն նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ է իրականացնում: Զարդարյանը խորհրդային իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից էր, ով հրաժարվեց մոխրագույնից,  այլ ծանր գույներից և հետաքրքիր գամմաներով գործեր ստեղծեց»,- ընդգծեց նա:

Ցուցահանդեսին ներկա էին արվեստասերներ, պաշտոնյաներ, մարդիկ, որոնք ժամանակին առնչություն են ունեցել Զարդարյանի հետ և, իհարկե, նրա ընտանիքի անդամները:

Հովհաննես Զարդարյանի դուստր, նկարչուհի Անահիտ Զարդարյանի համոզմամբ` Զարդարյանը բազմաոճ նկարիչ է և ճանաչելի է բոլոր ժանրերում, քանի որ նրա հիմնական սկզբունքները, ձեռագիրը ողջ ստեղծագործական կյանքում չեն փոխվել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեբերի 29-ը:

Հովհաննես Զարդարյանը ծնվել է Կարսում 1918 թվականին: Եղեռնից մազապուրծ Զարդարյանների ընտանիքը որոշ ժամանակ ապաստանել է Ռուսաստանում,  իսկ հետո հաստատվել է Թիֆլիսում, որտեղ ապագա նկարիչն ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա ընդունվել տեղի Գեղարվեստի ակադեմիա: Տեղափոխվելով Երևան` Զարդարյանը 1933 թվականին ընդունվել է Երևանի Գեղարվեստի ուսումնարան, հետագայում կրթությունը շարունակել է Համառուսաստանյան Գեղարվեստական ակադեմիայում: Նրա ստեղծագործությունները գտնվում են այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են`  Հայաստանի ազգային պատկերասրահը, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանը, Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարանը, ինչպես նաև Կիևի, Վոլգոգրադի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:



loading...