Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը որոշեց մնալ նախարար. Նա հանդես է եկել հայտարարությամբ


Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը որոշեց մնալ նախարար. Նա հանդես է եկել հայտարարությամբ
Հունիս 21 12:31 2018

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով օրեր առաջ հրաժարական էր տվել, սակայն այսօր պարզվեց, որ հրաժարականը չի ընդունվել, հանդես է եկել հայտարարությամբ.

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները եւ դրանց լուծման կարեւորությունն ու հրատապությունը:

Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով եւ սեղմ ժամկետներում:

Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ դեռեւս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի եւ գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միեւնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը եւ այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը:

Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ եւ մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարեւոր են եւ հրատապ, հետեւաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից:

Միեւնույն ժամանակ, մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա եւ պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ: