Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց․ Արսեն Թորոսյան


Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց․ Արսեն Թորոսյան
Հունիս 21 11:40 2018

Այսօր՝ հունիսի 21-ին, Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը։ Այս առթիվ շնորհավորանք է հղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքում մասնավորապես ասվում է․

«Սիրելի բուժաշխատող,

Հարգելի գործընկեր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ՝ մեծապես կարևորելով Ձեր դերը թե առողջապահական համակարգում, թե շարքային քաղաքացու կյանքում: Սա ասում եմ՝ համակարգում առկա և Ձեզ անձնապես առնչվող խնդիրներին ծանոթ լինելով:

Առաջին անգամ չէ, որ շեշտում եմ՝ մարդը չի կարող պատշաճ կերպով հոգ տանել մյուսների մասին, եթե իր մասին պատշաճ չեն հոգում: Ուստի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են:

Այս նպատակին հասնելու ենք քայլ առ քայլ ու հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ ու արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց:

Մենք երախտապարտ ենք Ձեզ, որ, հավատարիմ մնալով Ձեր առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում եք մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ու մաղթում առողջություն Ձեզ, Ձեր ընտանիքներին: Ցանկանում եմ, որ աշխատեք առողջ մթնոլորտում և նպաստեք առողջ հասարակություն ունենալուն:

Սիրով՝ Արսեն Թորոսյան»։