Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի կալանքը փոխելու միջնորդությունը


Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի կալանքը փոխելու միջնորդությունը
Հունիս 20 19:52 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել մերժել  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը պաշտպանը ներկայացրել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորությունները: Մեղադրողը կողմը միջնորդությանը չառարկեց:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը` պատճառաբանելով, որ ավելի քան յոթ ամիս ընթացող դատական քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, այն է՝ ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, դատարանին բերում են այն եզրահանգման, որ հայտնվելով ազատության մեջ, նա  չի դրսևորի պատշաճ վարքագիծ, որով իսկ կխոչընդոտի գործի հետագա քննությանը:

Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։