Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ի՞նչ է հայտնաբերվել Արցախի նրա առանձնատանը


Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ի՞նչ է հայտնաբերվել Արցախի նրա առանձնատանը
Հունիս 20 13:28 2018

Արցախի «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը«Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ եւ վաճառքի ոչ ենթակա այլ ապրանքներ են հայտնաբերվել:

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հարնրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ին առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:

Ի դեպ, քրեական գործի շրջանակներում հունիսի 19-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամներից Ա. Հ.-ն :

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:

Նոր մանրամասներն ու տեսանյութը կհրապարակվեն առաջիկայում:

Նախաքննությունը շարունակվում է: