Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները


Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները
Մայիս 13 13:21 2018

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր եւ այլն:

Գեներալը հարկերը չի վճարում

Սա միայն իր անունով գրանցված գույքն է, մոտ այդքան անշարժ գույք էլ պատգամավորն այլ անձանց անուններով է գրանցել:

«Հետքը» հարցում էր ուղարկել Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին: Վերջինիս տրամադրած տեղեկանքների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը մեծամասամբ չի վճարում իր օգտագործած  հողի կամ գույքահարկի գումարները եւ 2008թ.-ից սկսած` ապառքներ, տույժ-տուգանքներ է կուտակել: Չի վճարում նաեւ տեղական տուրքերը:

Անասնագոմը Շոգեբաղնիքը
Դեռեւս 2013թ. Արշալույսի համայնքապետարանը տարբեր գրություններով տեղեկացրել է Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որ իրենց կողմից շահագործվող բենզալցակայանում վաճառվող հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար տարեկան պետք է վճարեն 200.000 դրամ տեղական տուրք, իսկ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ: Ինչպես տեղեկացրեց Զարզանդ Գրիգորյանը, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն շարունակում է չվճարել տուրքերը:  Հիշեցնենք, որ վերջերս Արշալույսի համայնքապետարանը դատական կարգով է կարողացել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունից բռնագանձել որոշ հարկեր:
Գազալցակայանը Բենզալցակայանը

«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն նաեւ շինարարական գործունեությամբ է զբաղվում: Այս ընկերությունն է հիմնականում պետական բյուջեի միջոցներով վերանորոգում Էջմիածնի եւ հարակից գյուղերի դպրոցները:

Հուլիսի 4-ին Արմավիրի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման երկու պայմանագիր է կնքել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ: Դրանցից մեկը վերաբերում է Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի վերանորոգմանը՝ 47 միլիոն 780 հազար դրամ ընդհանուր արժեքով, մյուսը՝ մարզի Գեղակերտ համայնքի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներին՝ 31 միլիոն 880 հազար դրամ արժեքով:

Պաշտոնաթող գեներալի ընկերությունների հարկերի չափը մեծ չէ, ինչը կարող է զարմանք առաջացնել: Մասնավորապես, «Կուարլինի» ՍՊԸ-ն, որը հայտնի է ասֆալտի արտադրությամբ, տեղական բյուջե տարեկան վճարում է ընդամենը 5026 դրամ, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն՝ 204 հազար դրամ, «Արփենիկ» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ն՝ 65.924 դրամ եւ այլն:

«Արփենիկ» գինու և կոնյակի գործարանը

Մանվել Գրիգորյանն իր ունեցվածքը կուտակել է դեռեւս 1990-ականների սկզբներին: Այժմ նրան է պատկանում  Արշալույս գյուղի նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը: Նախկին ամբուլատորիայի շենքը, որը եւս Մանվել Գրիգորյանինն է, այժմ դարձել է Արշալույսում «Արա եւ Այծեմնիկի» գրասենյակը, իսկ մանկապարտեզը սեփականաշնորհել եւ քանդել է՝ օգտագործելով միայն հողատարածքը: Արշալույսն այժմ մանկապարտեզ չունի:

Մանկապարտեզի տարածքը «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գրասենյակը

Արշալույսի նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանը ջեռուցում չլինելու պատճառաբանությամբ 2006թ. նոյեմբերի 1-ից մինչեւ մայիսի 1-ը ժամանակավորապես դադարեցրել է մանկապարտեզի գործունեությունը, սակայն 2006թ. հոկտեմբերին տարածքը, որպես բնակավայրի հող, 624 հազար դրամով աճուրդային կարգով վաճառել է Մանվել Գրիգորյանին:

Աճուրդի կազմակերպիչներն այնքան տնավարի են անցկացրել աճուրդը, որ ո́չ աճուրդին մասնակցելու հայտի, ո́չ էլ հողամասը աճուրդով վաճառելու մասին արձանագրություններում Մանվել Գրիգորյանի ստորագրությունը չկա:

Այղր լճի տերը

Լճի «հսկիչը»

Այժմ Մանվել Գրիգորյանը տնօրինում է նաեւ Արշալույս գյուղում գտնվող Այղր լճի (Ակնա լիճ) մի հատվածը եւ այն դարձրել հանգստյան գոտի: Մեր այցելության պահին մի կին հսկում էր լճի տարածքը եւ նույնիսկ թույլ չէր տալիս լուսանկարել գեներալին պատկանող տարածքը: «Տերերն ինձ ասել են` թույլ չտաս, որ նկարեն, մի նկարեք»,-ասում էր կինը, ով ներկայացավ տարածքը հսկող աշխատակից: Ճշտող հարցին, թե ովքեր են տերերը, պատասխանեց. «Գեներալ Մանվելը»: Նա շարունակում էր «սպառնալ», թե դադարեցրեք լուսանկարներ անել, հակառակ դեպքում կզանգահարի «տերերին»:

Արշալույսի համայնքապետարանից ասացին, որ համայնքում կան տարածքներ, որոնք տիրապետում են անհայտ անձինք, սակայն չեն կարողանում գտնել նրանց եւ բերել օրինական դաշտ: Ըստ Զարզանդ Գրիգորյանի` համայնքի կադաստրային քարտեզում առկա են հողի նպատակային նշանակության, ինչպես նաեւ ամրակայված շինությունների անճշտություններ: Օրինակ՝ Ակնա լճի շրջակա տարածքները զբաղեցված են հանգստյան գոտիներով, բնակելի տներով եւ այլ օբյեկտներով, որոնք քարտեզում արտահայտված չեն եւ այլն:

Համայնքապետը դեռեւս 2013թ. օգոստոսի 20-ին գրություն է ուղարկել կադաստրի պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Երվանդ Զախարյանին` խնդրելով աջակցել ինքնակամ զբաղեցրած հողամասերի եւ ապօրինի շենք-շինությունների հաշվառմանը եւ գնահատմանը, կատարել հաշվառում եւ գնահատում ամբողջ տարածքի վրա՝ նշելով բոլոր շենք-շինությունները եւ հողամասերն ըստ նպատակային եւ գործառնական նշանակության եւ այլն: Համայնքապետի գրությունը մինչ օրս մնացել է անպատասխան: Պարզ է, որ կադաստրից տեղեկացել են, թե ում են պատկանում համայնքապետի կողմից մատնանշված տարածքները եւ չեն ցանկանում Մանվել Գրիգորյանի հետ խնդիրներ ունենալ:

«Արգելանոցը»

Արմավիրի Մարզի Ակնալճից Զարթոնք համայնք տանող ճանապարհի ձախ կողմում «Արգելանոց»  գրությամբ ցուցանակ է տեղադրված: Զարթոնքի բնակիչներն ասում են, որ տարածքը նույնպես վերցրել է գեներալ Մանվել Գրիգորյանը և թույլ չի տալիս, որ իրենց անասուններն արածեն այնտեղ: Մինչդեռ նախկինում իրենք այդ տարածքը որպես արոտավայր են օգտագործել:

«Արգելանոց» գրությամբ տարածքը Տարոնիկի վարչական տարածքում է: Ինչպես «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել են Տարոնիկի համայնքապետարանից, այն զբաղեցնում է «Ակնալիճի կուղբաբուծական տնտեսությունը»: Նախկինում պետական այս ձեռնարկությունն այժմ գեներալ Գրիգորյանինն է:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության 2012թ. ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկում ընդգրկվել էր  «Ակնալիճի կուղբաբուծական տնտեսությունը»: Կուղբաբուծական տնտեսությունն ընդգրկված է նաև 2014թ. ստուգվող կազմակերպությունների ցանկում:

Գրավոր դիմեցինք ՀՀ ԲՆ՝ խնդրելով հայտնել, թե 2012թ. ստուգումների ընթացքում տեսչության աշխատակիցներն ինչ խախտումներ են արձանագրել կուղբաբուծական տնտեսությունում: Արդյոք արդեն կատարվե՞լ են ստուգումներ այս տարի: Եթե այո, խնդրել էինք տրամադրել ստուգման արդյունքների պատճենները: Պարզվում է՝ ստուգումներ չեն անցկացվել: Գեներալն այստեղ էլ արտոնյալ է:

Նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդգար Փիրումյանը պատասխանել է, որ չնայած տնտեսությունն ընդգրկված է եղել տեսչական ստուգումների ցանկում, սակայն «ստուգում դեռևս չի իրականացվել, քանի որ համաձայն «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ պլանավորումը դեռևս պարտադիր կատարման ենթակա դրույթ չէ, և առաջնահերթ ստուգումներն իրականացվում են շրջակա միջավայրի համար բարձր ռիսկայնության տնտեսվարող օբյեկտներում»:

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առանձնատունը

Մանվել Գրիգորյանն ու նրա մերձավորները բիզնեսներ, թանկարժեք առանձնատներ ունեն ոչ միայն Արշալույսում: Օրինակ՝ Էջմիածին քաղաքի վերջնամասում երկհարկանի շքեղ առանձնատուն է կառուցում Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Մյուս որդին՝ Արման Գրիգորյանը, փող է աշխատում Էջմիածին-Երեւան մասնավոր տաքսիներից: Նա է հսկում այդ «երթուղին» եւ գծում աշխատող շուրջ 50 տաքսիներից ամեն օր 5-7 հազար դրամ «նալոգ» հավաքում:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ապա նա էլ անմասն չէ  այս ամենից: Նրան են պատկանում քաղաքի շուկան, հագուստի վաճառքի տոնավաճառը, խանութներ, տարածքներ, որոնք վարձակալությամբ է տրամադրել:

Թե հատկապես որ ընկերությունն է շահագործում շուկան, ու որքան գույքահարկ է վճարում Էջմիածնի քաղաքապետարանին, կամ՝ վճարու՞մ է ընդհանրապես, թե՞ ոչ, հայտնի չէ, քանի որ քաղաքապետարանը այս մասին մեր գրավոր հարցմանը չի պատասխանել: Չի պատասխանել նաև տաքսիները սպասարկող ընկերության և դրա գույքահարկի մասին հարցերին: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի աշխատակիցը մեզ խորհուրդ տվեց ուրիշ ճանապարհներով ճշտել, թե ով է շահագործում շուկան: «Քանի որ դա մասնավոր սեփականություն է, մենք իրավունք չունենք անուններ տալ»,- այսպես մեկնաբանեց նա: Գեներալը Էջմիածնում նաեւ շքեղ առանձնատուն ունի, որտեղ վագրեր է պահում:
Գեներալի տան «պահապանը»
Լուսանկարը՝ Klaus Sparwasser-ի 

Մանվել Գրիգորյանը թաքցնում է եկամուտները

Սակայն, սա ամենը չ: Մանվել Գրիգորյանը որպես պատգամավորության թեկնածու հայտարարագրել էր իր ունեցվածքը: Պաշտոնը ստանձնելու՝ 2012թ. մայիսի 31-ի դրությամբ Մ. Գրիգորյանն ուներ երկու հողամաս Արշալույս գյուղում՝ 7.35 եւ 3,58 հա մակերեսով, արտադրական նշանակության շինություն՝ 17,1 հա, երկու բնակելի տուն Էջմիածին քաղաքում եւ Արշալույս գյուղում՝ 995,6 եւ 427,3քմ մակերեսով:

Պատգամավորն ունեցել է նաեւ FORD ECONOLINE E-150, GAZ 21R, GAZ 14 CHAYKA, GAZ 13 CHAYKA, PEUGEOT 405, GAZ M-20, GAZ 21U, GAZ 69, GAZ 12 մակնիշի ավտոմեքենաներ:

Մ. Գրիգորյանը բաժնեմաս կամ ներդրում ունի թվով չորս ընկերություններում: Նա մեկ տարվա կտրվածքով որպես շահաբաժին 105 միլիոն 800 հազար դրամի եկամուտ ստացել է միայն «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ից, 40 միլիոն դրամ` «Կուարլինի» ՍՊԸ-ից, որտեղ պատգամավորը 100% սեփականատեր է:

Ասֆալտի գործարանը

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Մ. Գրիգորյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ուներ 108 մլն 800 հազար դրամ, 45 հազար դոլար եւ 45 հազար եվրո:

Մանվել Գրիգորյանը եւ նրա հետ փոխկապակցված անձինք չեն ներկայացրել 2013թ. գույքի ու եկամուտների հայտարարագրերը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրեցին, որ օրենքով սահմանված պարտականության կատարման անհրաժեշտության մասին լրացուցիչ տեղեկացրել են այն պաշտոնատար անձանց, որոնք չեն ներկայացրել 2013 թվականի տարեկան հայտարարագիր:

Արդեն մեկ ամսից ավել է, ինչ էթիկայի հանձնաժողովը պարզաբանում է տվել մեզ: Մինչ օրս պաշտոնաթող գեներալ պատգամավորը չի ներկայացրել հայտարարագիր:

Այս ամենի հետ մեկտեղ Մանվել Գրիգորյանը վատ «սովորություն» ունի: Էջմիածնում բոլորը գիտեն, որ իր ավտոշարասյան դիմաց հայտնվող կամ իր տնից դուրս եկող ճանապարհի եզրերին կայանող ավտոմեքենայի անվադողերը «կնստեն»: Մի քանի ամիս առաջ Մ. Գրիգորյանի թիկնապահներն ավտոմեքենայից իջնում եւ պատռում էին անվադողերը, այժմ ավելի մեղմ վերաբերմունք են ցուցաբերում` ընդամենը օդն են իջեցնում: Այս ամենը «վրիպում» է իրավապահ մարմինների, այդ թվում` պետավտոտեսչության աշխատակիցների աչքերից: Վերջիններս նույնպես խուսափում են հայտնվել գեներալ Գրիգորյանի ճանապարհին. հավանաբար չեն ցանկանում «անզորի» տպավորություն թողնել, երբ գեներալի թիկնապահները քաղաքացիների ավտոմեքենաների անվադողերն են իջեցնում, իսկ իրենք դեմն առնել չեն կարողանում:

Hetq.am