Թանգյանը Հայաստանին խնդրում է «հեռու մնալ» ամերիկյան Monsanto-ից


Թանգյանը Հայաստանին խնդրում է «հեռու մնալ» ամերիկյան Monsanto-ից
Մայիս 11 11:20 2018

System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանգյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» ամերիկյան Monsanto ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Թանգյանն այսպես է արձագանքել Երեւանում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված Valmont եւ Monsanto ընկերությունների շնորհանդեսին: Ելույթ ունենալով միջոցառմանը, ԱՊՀ-ում Monsanto-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվյագինցեւը հավաստիացրել էր, որ ընկերությունը Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք չի զարգացնելու: 

Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ Սերժ Թանգյանը, մասնավորապես, նշել է.

«Monsanto թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մեծապես նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները օրգանիկ սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր վարվելակերպի համար: Երբ ես Հայաստան եմ այցելում եւ այնտեղ խնձոր եմ ուտում, այն իրական է, խռթխռթան եւ համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արգասիք: Թող ամեն ինչ այդպես էլ մնա: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձոր չեմ կարող գտնել: Խնդրում եմ տարածել այս գրառումս»: