Կարեն Կարապետյանը բոլորին սթափության եւ զգոնության կոչ է անում


Կարեն Կարապետյանը բոլորին սթափության եւ զգոնության կոչ է անում
Ապրիլ 22 21:32 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին սթափության եւ զգոնության կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակի լուծումն ինչպե՞ս է տեսնում, ՀՀ առաջին փոխվարչապետն ասաց. «Նախեւառաջ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ լինել, զգոն լինել, ընտանիքներում այս ամենի մասին խոսել: Օրինակ՝ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կցանկանա՞ք ձեր 12 տարեկան երեխաներն այս խաղերի մեջ մասնակցեն: Ինձ համար դա անընդունելի է: Սթափ եւ զգոն լինենք, մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսին լսենք, կոչ անենք, որպեսզի նստենք խոսենք: Ծիծաղելի վիճակում ենք հայտնվելու»:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ երբ մեծ զանգված է հավաքվում, այն կառավարելը դժվար է, այդ զանգվածը միատարր չէ, դրանում կարող են հայտնվել մարդիկ, որոնք ուրիշ նպատակով են այդտեղ: «Որեւէ մեկին չեմ ուզում նեղացնել, ով իր պատկերացմամբ, իր համոզմամբ արդարացի է եւ երկրի համար անհանգիստ միտումներով է մտել այնտեղ: Այսինքն, կարող են լինել նաեւ կրիմինալ էլեմենտներ: Այսօր արտաքին թշնամու հատուկ ծառայությունները կարող են հրահրել եւ մենք բոլորս, ովքեր որոշումները կայացնում ենք, պետք է բացի համարձակությունից եւ վճռականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության, եւ հետո՝ ի՞նչպես ենք դրա տակից դուրս գալու, մեկս մյուսի աչքերի մեջ նայելու»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը: