Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում


Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում
Մայիս 1 10:44 2024

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վաղ առավոտից կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի աշխատում, ինչի հետևանքով էլ գործը չի բացահայտվում։

«Փաշինյանի հետ հանդիպել ենք, Քյարամյանն էլ է այնտեղ եղել։ 23 հարց ենք տվել, որից միայն 3-ին է Փաշինյանը կարողացել պատասխանել»,-լրագրողներին ասաց զինծառայողներից մեկի պապիկը։

Լրագրողների հարցին, թե, մասնավորապես, ինչ հարցեր են եղել, որ պատասխաններ չեն հնչել, նա պատասխանեց.

«Օրինակ, հարցրել եմ, թե ինչ եղավ այն ահաբեկչի հարցը, որին տղաները բռնել էին։ Փաշինյանը չգիտեր այդ մասին»,-ասաց զինծառայողի պապիկը՝ մանրամասնելով, թե դեպքից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել։

Փաստաբան Նորիկ Նորիկյանն էլ ասաց, թե հանդիպման մանրամասներին չի տիրապետում, որովհետև ծնողների առջև կառավարությունից պահանջ է դրվել՝ կհանդիպեն իրենց հետ, եթե այդ հանդիպմանը Նորիկյանը չմասնակցի։