Մաշտոցյան Մատենադարանում պահվող ամենամեծ ձեռագիրը, 710 տարի այն պահվել է Մշո Առաքելոց վանքում


Մաշտոցյան Մատենադարանում պահվող ամենամեծ ձեռագիրը, 710 տարի այն պահվել է Մշո Առաքելոց վանքում
Ապրիլ 28 23:53 2024

Մաշտոցյան Մատենադարանում պահվող ամենամեծ ձեռագիրը՝ Մշո Ճառընտիրը, այցելուների կողմից մշտապես մեծ հետաքրքրության է արժանանում:

 
 

Տպավորիչ պատմություն ունեցող մագաղաթյա մատյանն եզակի է ծավալներով, քաշով, բովանդակությամբ ու անցած ճանապարհով: Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով, գրիչ Վարդան Կարնեցու և ծաղկող Ստեփանոսի կողմից 1200-1202թթ Երզնկայի Ավագ վանքում գրվել է ձեռագիր, որը մոնղոլների ասպատակության ժամանակ առևանգվել է և միայն 4000 արծաթ դրամով 1206-ին փրկագնվել: 710 տարի այն պահվել է Մշո Առաքելոց վանքում: Մատյանի ճակատագիրը նորից վտանգվել է հայոց ցեղասպանության տարիներին: Սակայն գաղթի ճամփան բռնած մշեցիներին հաջողվել է ևս մեկ անգամ հրաշքով փրկել ձեռագիրը: Այն բաժանելով երկու մասի՝ երկու կին ուղևորվել են Արևելյան Հայաստան: Նրանցից մեկը հասնում է Էջմիածին, մյուսը՝ մահանում, բայց մինչև այդ հասցնում է ձեռագրի մի մասը թաղել Էրզրումի վանքի բակում: 1920-ին այն գտնվում է և հասցվում Թբիլիսի, որտեղից էլ տեղափխվում է Էջմիածին, այստեղ ձեռագրի երկու հատվածները միավորվում են:

 

Հայկական ամենամեծ ձեռագիրը կշռում է 28 կգ, տպավորիչ են նաև չափսերը՝ 55X71 սմ, ի սկզբանե ունեցել է 660 թերթ, այժմ՝ 601 թերթ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվել է մեկ երինջի կամ արջառի կաշվից: 17 թերթ այժմ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, 1977-ին Մոսկվայի Լենինի անվան գրադարանից վերդարձվել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին:

Մագաղաթյա ձեռագիրը զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով: Այն, ըստ տարվա տոների, դասավորված 40 հեղինակի ճառերի, վարքերի, վկայաբանությունների պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաև Տոնական: