Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել


Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Ապրիլ 26 22:10 2024
Հ Տավուշի մարզում ձերբակալված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից: Այս մասին Armday.am–ին ասաց Պետրոսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
 
Նշենք, որ այսօր երեկոյան 20։00-ին լրանում էր 72 ժամը, ինչ Սուրեն Պետրոսյանը ձերբակալված էր, նրա նկատմամբ այլևս կալանքի միջնորդություն չէր կարող ներկայացվել, քանի որ լրացել է 60 ժամը։
 
ՁՊՎ–ի մոտ հավաքված քաղաքացիները ծափահարություններով են  դիմավորել  Սուրեն Պետրոսյանին։
 
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ Սուրեն Պետրոսյանին, ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։
 
Բերման ենթարկվելուց որոշ ժամանակ անց նրանց մի մասն ազատ էր արձակվել, իսկ Պետրոսյանին տեղափոխել էին Երևան։ Նա ձերբակալվել է առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։