Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է


Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է
Ապրիլ 20 20:12 2024

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին:

Սերինե Մայիլյանը հարցրել է․ «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը հեռացավ Արցախից։ Սա ի՞նչ է նշանակում»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․» Ռուս խաղաղապահների հեռացումը Արցախից ևս մեկ մեխ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դագաղի մեջ։ Ոմանք գուցե հրճվանքով կասեն, թե տեսեք՝ Ռուսաստանը սկսում է դուրս գալ Հարավային Կովկասից, սակայն դա դատարկ պնդում է։ Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է:

Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150,000 մեր հայրենակիցների համար։ Այս քայլը նաև լրջագույն վտանգ է առաջացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգության համար Արցախում՝ Դադիվանքից, Գանձասարից, Ամարասից սկսած։ Ադրբեջանի համար սա ինքնիշխանության վերականգնման ևս մեկ ցուցանիշ կմատուցեն։

Ռուսական կողմը փորձում է ներկայացնել սեփական կոնտինգենտի դուրսբերումը որպես «миссия выполнена» թեզ։ Սակայն ողջ հարգանքով Արցախի հողում իր կյանքը տված ռուսաստանցի զինծառայողների հիշատակի նկատմամբ, ողջ երախտագիտությամբ Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար, ստիպված եմ արձանագրել, որ 3 տարիների արդյունքում ռուսական կոնտինգենտը կատարել է իր ֆունկցիաները, բայց ոչ՝ միսիան, առաքելությունը։ Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանի մեղքը Արցախի կորստի և հայաթափման գործում հսկայական  և որոշիչ է, որքան էլ պաշտոնական Մոսկվան Փաշինյանին մատնացույց անի նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հրահրման հարցում, անգամ այդ դեպքում հնարավոր չէ խուսափել «ձախողում» բառից՝ առնվազն 2018-ից հետո Նիկոլի հետ Մոսկվայից կառուցվող հարաբերությունների համատեքստում»։