«Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց


«Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլ 18 21:10 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարդան  Ղ․-ն է։ Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, «Դինամո» մարզադահլիճում կայանալիք ՀՀ «Թաեքվոնդոյի» առաջնության կշեռքի արարողակարգի ժամանակ Աբովյան քաղաքի մարզադպրոցի մարզիչ, Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Լեռնիկ  Մ․-ն մրցումների հետ կապված վիճաբանության ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, քաշելով գցել է հատակին և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: 

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Լեռնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահն է: