Գիշերամիզության, կիստաների և գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի ծառայությունից


Գիշերամիզության, կիստաների և գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի ծառայությունից
Ապրիլ 18 13:10 2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։

«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինծառայության սահմանափակումները, որոնց շրջանակներում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ ու տեխնիկա վարելն ու անձնակազմ ղեկավարելը»,- կառավարության նիստում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։