Միակ հայը, ով ներկա է եղել Թրամփի երդմնակալությանը, պատրաստվում է Հայաստանում բացել հիվանդանոց, որտեղ կբուժեն քաղցկեղ հիվանդությունը


Միակ հայը, ով ներկա է եղել  Թրամփի երդմնակալությանը, պատրաստվում է Հայաստանում բացել հիվանդանոց, որտեղ կբուժեն քաղցկեղ հիվանդությունը
Հունիս 26 22:16 2017

«Made in Armenia» նախագծի հյուրն է Գլենդելի Prime Health Care-ի նախագահ Մայք Սարյանը , ով ԱՄՆ-ում զբաղվում  է հիվանդանոցային բիզնեսով: Պարոն Սարեանը ղեկավարում է 49 հիվանդանոց, որոնք գործում են ԱՄՆ ողջ տարածքում: Մեր հայրենակիցը բավականին ճանաչված է ԱՄՆ-ի ողջ տարածքում։ Նշենք, որ նա միակ հայն է, ով ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ 


-Պրն. Սարյա՛ն, արմատներով որտեղի՞ց եք, որտե՞ղ են ծնվել Ձեր ծնողները:

-Մայրս ծնվել է Լիբանանում, հայրս՝ Թուրքիայի Ադանա քաղաքում 1921թ.-ին: Հորս ծնողները Թուրքիայից գաղթել են Դեր Զոր և երբ վերադարձել են, ծնվել է հայրս: Նրանք ուրախ էին, որ ողջ են մնացել և իրենց առաջնեկի ծնունդն էլ ավելի երջանկություն բերեց նրանց և նրան կոչեցին Երջանիկ՝ որպես իրենց համար երջանիկ օր: Բայց, դժբախտաբար, երջանկությունը կարճ տևեց. 1 տարեկանում հայրս մեծ մորս ու մեծ հորս հետ հեռացել է Ադանայից և ֆրանսիական կառավարութան միջոցով հասել Լիբանան, 1922թ. նոր կյանք է սկսվել: 1962թ. Լիբանանում ծնվել եմ ես:

-Իսկ ե՞րբ եք տեղափոխվել ԱՄՆ, ինչո՞վ եք այստեղ սկսել զբաղվել, ի՞նչ մասնագիտություն եք ստացել:

-Ծնողներիս հետ ԱՄՆ ենք տեղափոխվել 1978թ. դեկտեմբերին: Երբ Ամերիկա եկա, 16 տարեկան էի: Մոտավորապես 39 տարի է, ինչ հաստատվել ենք Ամերիկայում: Այստեղ ավարտեցի համալսարանը և սկսեցի աշխատել հիվանդանոցներում: Հիվանդանոցի կառավարիչ եմ և ունեմ բիզնեսի MBA: Ուսումնասիրել եմ, թե ինչպես պետք է ղեկավարել հիվանդանոցը: Տարիներ առաջ հիվանդանոցներն Ամերիկայում այսպիսին չէին, եկեղեցիներին էին պատկանում, հետո արդեն կամաց-կամաց վերածվեցին մեծ բիզնեսի: Սկզբում ամեն ինչ դժվար էր, գիտությունն այսքան զարգացած չէր: Բուժման պրոցեսը բավականին երկար էր տևում, իսկ այսօր արդեն հիվանդը կարող է դուրս գրվել հենց նույն օրը:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք հենց հիվանդանոցիային բիզնեսով զբաղվել, ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ոլորտը:

-Երիտասարդ տարիքից ուզում էի բժիշկ դառնալ: Լիբանանում ամերիկյան համալսարան կար, ուզում էի դպրոցն ավարտելուն պես, ընդունվել այնտեղ: Ընկերներս, ընտանիքիս անդամները ասացին՝ Հայաստան գնա, որովհետև այն ժամանակ Հայաստանում անվճար պիտի սովորեի, ինձ նույնիսկ 90 ռուբլի պետք է վճարեին, որն այդ տարիներին մեծ գումար էր: Երկմտում էի՝ գալ Հայաստան, թե գնալ գնալ ԱՄՆ, երկուսի մասին էլ չգիտեի, միայն լսել էի, բայց որոշեցի ԱՄՆ մեկնել և համոզեցի ընտանիքիս: Ուզում էի ուսումս շարունակել, բայց լիբանանյան պատերազմն ամեն ինչ փոխեց. մարդիկ վիրավորվում էին, մահանում, ես չէի ուզում տեսնել նրանց չարչարանքները հիվանդանոցներում: Այս պատճառով էլ որոշեցի դառնալ բիզնեսմեն, սովորեցի հիվանդանոցային բիզնես և այդպես սկսվեց ամեն ինչ: Կամաց-կամաց հիվանդանոցային գործը բարդացավ, հիմա դրանք մեծ ընկերություններ են, ունեն ապահովագրություններ, բավականին ծավալուն աշխատանք է տարվել: Կարող եմ ասել, որ մեր հիվանդանոցը Ամերիկայում թիվ մեկ ինդուստրիան է:

-Դուք սիրո՞ւմ եք ձեր մասնագիտությունը, երբևէ մտածե՞լ եք, որ այսքան մեծ հաջողությունների եք հասնելու:

-Այո՛, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Չեմ մտածել, ո՛չ, ես պարզապես ուզում եմ պարզ մարդ մնալ, իմ գործն անել, աշխատել, որ ընտանիքիս ապահովեմ: Իմ մենտալիտետի մեջ է այն, որ մենք այստեղ էմիգրանտներ ենք և այստեղ չենք ծնվել: Ես պարզապես ուզում, որ իմ ընտանիքը բարեկեցիկ կյանքով ապրի, հաջողակ լինի: Նպատակս է, որ որպես հայ հաջողակ լինեմ և ուրախ կլինեմ, որ բոլոր հայերն էլ հասնեն հաջողությունների:

-Քանի՞ հիվանդանոց եք այժմ ղեկավարում Դուք:

-49 հիվանդանոց՝ ամբողջ Ամերիկայի տարածքում: Լոս Անջելեսում ունենք 9 հիվանդանոց, Կալիֆորնիայում՝ 15, հիվանդանոցների մեծամասնությունը տարբեր նահանգներում են:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում ինչ-որ բան սկսել, հոգու կանչն էր, թե՞ պարզապես բիզնես:

-Ես ուզում եմ օգտակար լինել Հայաստանին և հայերին: Երազում եմ, որ լավ հիվանդանոցներ ունենանք Հայաստանում, ստեղծենք ընկերություն, դրա մակարդակը բարձրացնենք, ապահովենք լավ սարքավորումներով, որոնք շատ կարևոր են: Ուզում եմ նշել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղցկեղ հիվանդությունը բուժվել է ԱՄՆ-ում գործող իմ հիվանդանոցում և, թերևս, սա էլ հանդիսացավ այն պատճառը, որ մտածեմ Հայաստանում նախագիծ իրականացնելու մասին: Հունիսի վերջին պատրաստվում եմ առաջին անգամ այցելել Հայաստան, ունենալ գործնական հանդիպումներ: Պետք է հանդիպեմ վարչապետին և առաջարկեմ Հայաստանում բացել հիվանդանոց, որտեղ կարող են իրականացնել ամենատարբեր հիվանդությունների՝ նույնիսկ քաղցկեղի բուժում: Ծրագիրը լայնամասշտաբ է, այն իրենից ենթադրում է ոչ միայն հիվանդանոցի, այլ մի ողջ համալիրի կառուցում: Ծրագրում եմ հիվանդանոցին կից կառուցել նաև հյուրանոց, մարզասրահ, առևտրի կենտրոն: Եթե այս պրոեկտը ստացվի, ապա 4000-5000 մարդ կարող է աշխատել հիվանդանոցներում: Ես Հայաստանում չեմ եղել, նկարներով եմ տեսել, բայց, միևնույն է, այն ինձ հարազատ է և ես ուզում եմ տեսնել իմ հայրենիքի զարգացումը:

-Հետաքրքիր է, Հայաստանի մասին նկարներ դիտելիս, ի՞նչ եք զգացել, կա՞ մի վայր, ուր կուզեիք այցելել:

-Կուզեմ տեսնել Արարատ լեռը, որը մեր ձեռքում չէ այլևս: Կուզեմ տեսնել Էջմիածինը, որը քրիստոնեության կենտրոնն է: Այդ երկուսը մշտապես մտքումս են: Կուզեմ տեսնել Երևանը, Սևանա լիճը, Տաթևի վանքը, իրականում ողջ Հայաստանը կուզեմ տեսնել:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, քանի երեխա ունեք, ինչո՞վ են նրանք զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունեն

-Ունեմ մեկ դուստր, նա 7 տարեկան է, խոսում է հայերեն և անգլերեն: Հայկական դպրոց եմ ուղարկում, որովհետև ինքս հայկական դպրոց եմ գնացել և դա ինձ համար կարևոր է: Մենք ապրել ենք թուրքերի հետ, մեծ հայրս, մեծ մայրս միշտ կռվել են թուրքերի, քրդերի հետ: Մենք Լիբանանի քաղաքացի էինք, բայց մտքով հայ էինք, լիբանանցի չէինք: Հիմա Ամերիկայում մենք հայ ենք, ամերիկահայեր ենք, բայց ես վախ ունեմ, որ 50-100 տարի հետո էլ հայ պիտի մնանք: Մենք պետք է Հայաստանին օգնենք, միշտ Հայաստանի կողքին լինենք: Ինձ համար կարևորը Հայաստանն է, բանակը, ժողովուրդը: Ես ուզում եմ, որ հայությունը պահպանվի և չլքի Հայաստանը: Կուզենայի, որ մյուս բիզնեսմենները Հայաստանում աշխատեն, գումար ուղարկելու փոխարեն, թող բիզնես անեն: Պետք է Հայաստանի տնտեսական մակարդակը բարձրանա և մարդիկ օգնեն Հայաստանին՝ որպես բիզնեսմեններ: Շատ ուրախ եմ, որ նոր վարչապետ ունենք, նոր խորհրդարան ձևավորվեց և մարդիկ նոր հույսեր են կապում այդ ամենի հետ:

-Ո՞րն է Ձեր երազանքն այժմ, ի՞նչ առաջնային նպատակ ունեք:

-Երազանքս այն է, որ աղջիկս լինի լավ հայ և լավ անձնավորություն:
-Կա՞ մի բան, որ կուզեք ասել Հայաստանում ապրող հայերին:

-Այո՛, ես հայ ժողովրդին, Հայաստանին մաղթում եմ հաջողություն, որովհետև առանց Հայաստանի Սփյուռքի հայությունը չկա: Մենք բոլորս պետք է միսանական լինենք և Հայաստանին օգտակար լինենք: Հայաստանը միայն ղեկավարները չեն, Հայաստանը իմը, կամ քոնը չէ, այն ամբողջ հայ ժողովրդինն է: Մենք պարտավոր են նոր սերնդին հանձնել զարգացած, ապահով երկիր:

Տաթև Այվազյան/ ԱՄՆ



loading...