Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձեւավորի, եւ մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Կայացած հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին:
«Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ որոշակի ժամնակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին»,- ասաց նա:
Վանեցյանը նաեւ հավելեց. «Անթերի մարդ չկա: Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որը եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով ունեցել է բանակաշինության մեջ ամենամեծ լուման: Այսինքն Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր: Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»:
Վանեցյանն ասաց, որ առաջին քայլն արվեց, հայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուն. «Առաջիկա քայլերի մասին կասվի առաջիկա հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»: