Հերիք եղավ լռենք, մեր ձայնը պետք է հասնի ամբողջ աշխարհին. Արմեն Գրիգորյան


Հերիք եղավ լռենք, մեր ձայնը պետք է հասնի ամբողջ աշխարհին. Արմեն Գրիգորյան
Նոյեմբեր 28 14:56 2020

Մենք ուզում ենք լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները գերի են ընկել, այն ծնողների ձայնը, որոնց երեխաները զոհվել են, և մինչ օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը: Այս մասին Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների հանրահավաքի մեկնարկին հայտարարեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ դիմելով ներկաներին:

Նա նշեց, թե իրենց կողքին կանգնելով՝ ներկաներն ավելի լսելի են դարձնում իրենց ձայնը:

Մկրտչյանը հայտարարեց, թե հանրահավաքի մասին հայտարարության մեջ նշված երեք կետերը, այն է՝ ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում և շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին, կրկնելու են հանրահավաքի բոլոր երեք կազմակերպիչները:

«Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով, բանակցություններ վարել թշնամու ու դաշնակիցների հետ, և պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին: Մենք խնդրում ենք Հայաստանում ներկայացուցչություններ ունեցող բոլոր երկրներին օգնություն ցուցաբերել ռազմագերիների և զոհվածների դիերի վերադարձի հարցով»,-ասաց նա:

Նա նաև նշեց՝ այսօր ոչ մի քաղաքական գործիչ հարթակ չի բարձրանա: «Պատճառն այն չէ, որ մենք իրենց անարժան ենք համարում կամ արհամարհում ենք: Մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով «ֆեյքերի բանակը» վաղը մեզ չի կարող մեղադրել աթոռակռիվ անելու մեջ: Եվս մեկ բան՝ մենք ձեզ հետ ազնիվ են եղել հանրահավաքի մասին հայտարարությունը գրելիս և նշել ենք այս երեք կետերը»,-ասաց նա՝ նշելով, թե խնդրանք ունեն՝ ովքեր համաձայն չեն նշված կետերի հետ, թող գնան ու կազմակերպեն իրենց հանրահավաքը, չբարձրանան հարթակ, չմասնակցեն միջոցառմանը: