Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, աբսուրդի վերջին գագաթն էր. Նաիրա Զոհրաբյան


Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, աբսուրդի վերջին գագաթն էր. Նաիրա Զոհրաբյան
Նոյեմբեր 24 20:43 2020



Չկա որեւէ հիմնավորում, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, նույնիսկ աբսուրդի վերջին գագաթն էր։ Որեւէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Սույն տիկինը, որը խոսեց ամեն ինչի մասին, խոսեց շատ երկար, սարսափելի ձանձրալի, զգացվում էր, որ ձեռքը տվել ենք տեքստ, որից ինքը ընդհանրապես գլուխ չի հանում։ Սա անկհայտ քաղաքական հաշվեհարդար է»,- ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կուղարկվի Սահմանադրական դատարան եւ 30-օրյա ժամկետում ՍԴ-ն կորոշի՝ արդյոք բերված փաստարկները հիմնավոր են ու արդյոք Ծառուկյանը պետք է զրկվի մանդատից, թե ոչ:

Իր հերթին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «ձեռնարկատիրության մասին բոլոր դասագրքերի հեղինակը ես եմ: Կա իրավական մաս, եւ տնտեսագիտական մաս: Այդպես էլ չասվեց, թե ինչ բանէ  ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: Ծառուկյանը մասնակցո՞ւմ է կառավարմանը, ոչ: Ինքը հավատարմագրային կառավարիչէ, ոչ: Ինքը որեւէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է «Մուլտի գրուպ»-ում, ոչ: Այսինքն ինքը բաժնետեր է, հանձնել է կառավարման: Հիմա որտե՞ղ է երեւում, որ ինքը ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Ոչ մի հարցի պատասխան չկա: Ընդամենը վերցրել են մի դրվագ, որ մասնակցել է բաժնետերերի մի ժողովի, որը եղել է Սեդրակ Առուստամյանի կալանավորման ընթացքում՝ անհնարինության պատճառով: Մարդու գույքը տրված է կառավարման, կառավարիչը չկա, կալանավորված է, եւ ինքը մասնակցել է ժողովի: Նաեւ բացահայտված չէ, թե ինքը որպես ինչ է մասնակցել այդ ժողովին»: Մելքումյանը հավելեց, որ այս որոշումը չի կարող ազդել ԲՀԿ-ի դիրքորոշման վրա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշեց, որ փաստաբանական խումբը ԱԺ խորհրդի նիստում ուղղակի ջախջախեց Կոռուպցիայի կնխրգելման հանձնաժողովի եզրակացությունները, դրա համար վերջում տարբեր բաներից էին խոսում, բայց բուն այդ 2-3 դրվագից: Քանի որ իշխանությունը գտնվում է ցնցումների մեջ, արդեն չգիտի որ պոչից ինչ բռնի: Այս գործընթացն արագացնում է իշխանության հեռանալը»:

Նշենք, որ այսօր ԱԺ խորհրդի նիստում որոշվել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ պաշտոն ունենալ առեւտրային կազմակերպություններում:

Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։

Հիշեցնենք, որ նախապես նիստը նշանակվել էր այսօր, ժամը 11-ին, սակայն խորհրդի որոշ անդամներ ասել են, որ զբաղված են այդ ժամին, ուստի նիստը տեղափոխվել է երեկոյան 6-ին, որպեսզի բոլորը ներկա լինեն, բայց խորհրդի կազմի մեծամասնությունն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից է: ԱԾ խորհրդի այս նիստում ներկա չեն եղել ԼՀԿ-ի երկու անդամները, իսկ ԲՀԿ 4 անդամները դեմ են քվեարկել:

 

ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ որոշում կայացնի: