ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու որոշում է կայացրել


ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու որոշում է կայացրել
Նոյեմբեր 24 20:25 2020

Խորհրդարանում այսօր երեկոյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցն է եղել: Մոտ մեկուկես ժամ տևած փակ նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են  հարցին:

Նշել են, որ նիստին մասնակցել է 14 անդամ, «Իմ քայլը» խմբակցության 10 անդամները քվեարկել են կողմ, «Բարգավաճ Հայաստան»-ի 4 անդամները՝ դեմ, «Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկա չի գտնվել: Ըստ կանոնակարգի՝ խորհրդի որոշումը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ հաստատելու կամ մերժելու: Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները նման որոշումն անհիմն և կողմնակալ են որակել:

 

«Այն հանգամանքները, որ ներկայացնում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, այնքան անհեթեթ էին, որ չէին վերաբերում բուն գործին: Սա միանշանակ կողմնակալ որոշում էր»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: