Այս պատերազմում մենք միայն Ադրբեջանի հետ չի, որ կռվում ենք. հենց հիմա, հենց այս վայրկյաններին է որոշվում մեր պետականության հարցը


Այս պատերազմում մենք միայն Ադրբեջանի հետ չի, որ կռվում ենք. հենց հիմա, հենց այս վայրկյաններին է որոշվում մեր պետականության հարցը
Հոկտեմբեր 28 13:33 2020

Պետք է հստակ հասկանալ, որ այս պատերազմում մենք միայն Ադրբեջանի հետ չի, որ կռվում ենք։ Առանց որևէ չափազանցության, մենք հիմա միանգամից մի քանի ռեգիոնալ գերտերությունների ու Ադրբեջանի միատեղված ջանքերի դեմ ենք մեկ ամիս կռիվ տալիս։

Ես հիմա սկզբունքորեն չեմ խոսալու ներքաղաքականի մասին, հիմա ավելի կարևոր է աշխարհաքաղաքականը, ռազմականն, տնտեսականն ու հասարակականը։ Հենց դրանցից էլ խոսեմ, մինչև ճամփա ընկնելը։

Պաթոսն ու հպարտությունը դրեք մի կողմ, մանավանդ, որ էդ անտեր հպարտությունը մահացու մեղք է ու ես չեմ հասկանում, թե էլ ինչքան արնաքամ պետք է լինի էս ազգը, որ դա հասկանա։ Եթե մեր դիմաց միայն Ադրբեջանը կանգնած լիներ, մենք էսքան բարդ դրության մեջ չէինք լինի, բայց ունենք այն, ինչ ունենք, իսկ ունենք այն, որ մարտ ենք տալիս Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, Միացյալ Թագավորության ու Ադրբեջանի մեկտեղված ռեսուրսների ու մարտական հնարավորությունների հետ։

Որքան էլ բարդ լինի հասկանալ, բայց առանց Ռուսաստանի էական աջակցության՝ մենք կպարտվենք։ Միանգամից ասեմ նաև, որ գրեթե բացառվում է ռուսական բանակի ներգրավումն հենց Արցախում։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան բացահայտ ոտնձգություն անի ՀՀ-ի հանդեպ, բայց այդ սցենարով էլ գլոբալ այնպիսի ճգնաժամ կլինի, որ պատկերացնել անգամ բարդ է։

Դուք պետք է հասկանաք, որ անկախ նրանից, թե ինչ են պամում թուրք-ադրբեջանական քարոզիչները՝ նրանց նախնական պլանը տապալվել է ու տապալվել է միմիայն հայ զինվորի ու կամավորի գերմարդակային ջանքերի շնորհիվ։ Մեր հակառակորդները բլիցկրիգ էին պլանավորել, որի արդյունքում 7-10 օրում պետք է պատռեին ճակատը հյուսիսում և հարավում և օղակի մեջ վերցնեին ողջ բանակը՝ թելադրելով լիարժեք կապիտուլյացիա։

Ինչպես տեսնում եք՝ մեկ ամիս անց էլ դա դեռ չի ստացվել։ Հիմա բլիցկրիգային պատերազմի սցենարի փոխարեն մենք գտնվում ենք հյուծողական պատերազմի սցենարում։ Սին հույսեր մի տածեք, թե սենց կարելի է հավերժ ձգել։ Սին հույսեր մի տածեք, որ Ադրբեջանի փողերն ու ռեսուրսները մերինից շուտ կավարտվեն։ Անգամ եթե մի 6 ամիս հետո իրենց 30-40 միլիարդանոց պահուստային ֆոնդը վերջանա, ես ձեզ հավաստիացնում եմ՝ առնվազն Թուրքիան ու Իսրայելը կշարունակեն պարտքով ու/կամ անվճար զինել իրենց դաշնակցին։

Էլի գալիս ենք պարզ եզրահանգման՝ բեկման բանալին Ռուսաստանն է։ Ես չեմ հասկանում, թե քանի անգամ պետք է ցեղասպանություն ու Ալեքսադնրոպոլի պայմանագրեր լինեն, որ մեր հասարակությունն ադեկվատանա ու գիտակցի այդ պարզ իրողությունը։ Ռուսաստանը մեր փոխարեն չի պահելու Արցախը, չի ազատագրելու կորցրած տարածքները, չի ազատագրելու նոր տարածքներ, բայց Ռուսաստանը կարող է մեկուսացնել Թուրքիային պրոցեսսից և որ առավել կարևոր է՝ լրացնել մեր սպառազինության կորուստները։ Զուտ այսքանը հերիք չէ պատերազմում բեկում մտցնելու համար, որովհետև ի վերջո՝ անկախ նրանից, թե ինչպիսի ու ինչքան զենք ունես դու, հաղթանակն այնտեղ է, որտեղ կանգնում է հայ հետևակայինի բածինկան։

Հասանք ամենաբարդ մասին։ Ռուսաստանը հիմա էլ է օգնում ու արդեն էական օգնություն տրամադրել է, բայց իր ներուժի ամբողջ մասով չի արվում դա։ Դատելով ռուսական մեդիաներից ու քարոզչական դաշտից, դրա թիվ 1 պատճառն այն է, որ նրանք չեն վստահում ՀՀ իշխանություններին։ Ավելին ասեմ, արդեն ամենօրյա ռեժիմով ռուսական իշխանամերձ շրջանակները նորից ու նորից կրկնում են հետևյալ միտքը. «մինչև Նիկոլն ու իր թիմը չհեռանան իշխանությունից, ոչ մի բեկում չի լինելու»։ Իմ քաղաքական հայացքներն ու վերաբերմունքն առ Նիկոլ ու իր թիմ գիտեք բոլորդ, բայց ես, խոստացածիս պես, զերծ կմնամ ներքաղաքական դեբատներից։ Ես արձանագրում եմ գոյություն ունեցող փաստը, որը հետևյալն է. ռուսները ասում են, որ այս իշխանությունների հետ աշխարհաքաղաքական ռիսկային դրույք չեն ունենալու։ Ըստ այդմ՝ այս իշխանություններն ունեն միայն երեք տարբերակ.

 

- չգիտեմ ոնց, որովհետև դա ինձ անհնար է թվում, համոզում են ռուսներին, որ իրենց մասով սխալվում են,

 

- կատարում են ռուսական հորդորը և մի կողմ են քաշվում,

 

- գրողի ծոցն են ուղարկում ռուսներին ու պատերազմը շարունակվում է անդադար զինվող ու դեռևս տասնյակ միլիարդավոր դոլարների վրա նստած Ալիևի հետ։

 

Ռազմաճակատում ստեղծված դրության մասին։

 

Չնայած ծանրագույն մարտերին ու ցավոտ նահանջներին՝ բանակը չի կոտրվել։ Այո՛ կան մեծ տարածքային կորուստներ՝ հատկապես հարավում։ Այո՛ կան շոշափելի կորուստներ ռազմական տեխնիկայի ու մասնագիտացված անձնակազմի շրջանակում, բայց բանակը չի կոտրվել։ Հնարավոր է ատամներով մխրճվել եղած բնագծերի մեջ ու ժամանակ շահել, որի ընթացքում կվերապատրաստվեն ու կպատրաստվեն նոր հաշվարկներ՝ նոր տեխնիկաների համար։

 

Հնարավոր է դիմանալ, որպեսզի ստեղծվեն նախադրյալներ պասիվ պաշտպանությունից դուրս գալու համար։ Հնարավոր է ու պարտավոր ենք դա անել, անկախ նրանից, թե ինչ գին կարժենա դա մեզ համար, որովհետև ինչքան էլ զոհ ունենանք՝ Արցախը կորցնելու դեպքում հաշված տարիներում մենակ արտագաղթի ու ֆրուստրացիայի պատճառով Հայաստանը պազապես կդատարկվի։

 

Ճակատում հիմա իրավիճակն ու մարտերի բնույթը, գոնե ժամանակավորապես փոխվել են։ Այո՛, թշնամու լայնածավալ առաջխաղացումը դադարել է ու այո՛, դա մասամբ պայմանավորված է նրանով, որ կռիվը հարավում դաշտային հատվածից տեղափոխվել է լեռնա-անտառային շրջաններ, մասամբ էլ նրա պատճառով, որ թշնամու ռեսուրսներն էլ անսպառ չեն ու առաջխաղացող զորախմբերը ևս հյուծված ու արնաքամ է եղել շաբաթներ ձգվող թեժ մարտերի արդյունքում։ Բայց սա նաև չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարել ենք։

 

Պետք է հասկանալ, որ լեռնա-անտառային տեղանքում ոչ միայն հարձակվելն է դժվար, այլև՝ պաշտպանվելը։ Առհասարակ՝ լրիվ ուրիշ բնույթի է լեռնային պատերազմը՝ մի կողմից դաշտում չես ու հարվածային ԱԹՍ-ներն ու հրետանին այդքան արդյունավետ չեն, բայց մյուս կողմից էլ՝ չկա պաշտպանության ստատիկ գիծ ու անհնար է պարզապես պասիվ պաշտպանական մարտավարություն կիրառել։

 

Այո՛, հեշտ չէ ու հիմա տղերքի դեմ անտառներում կռվում են թուրք-ադրբեջանական ամենաէլիտար ստորաբաժանումները, բայց էդ թուրք-ադրբեջանական հատուկ նշանակայինները ոչ անվերջ են, ոչ էլ անմահ, ուստի նրանց դեմն ամեն գնով առնել է պետք, որովհետև այ իրենց արագ լրացնել չեն կարող, իսկ եթե հիմա կարողանանք կանգնեցնել ու հետ շպրտել ադրբեջանի լեռնա-անտառային հարձակումը, մենք կարող ենք այդքան անհրաժեշտ ժամանակը շահել վերախմբավորման ու լրացման համար։

Իմ նախորդ գրառման մեջ ես կոչ էի արել գոտեպնդվել։ Պետք է շատ հստակ հասկանալ, որ էս պատերազմը հեշտ ավարտ չի ունենալու։ Մենք արդեն հսկայական գին ենք վճարել, բայց նազուտուզի ժամանակը անցել է. եթե չենք ուզում զրկվել պետականությունից, պետք է հստակ գիտակցենք, որ գոտիներս ձգած ու ցավին դիմանալով պետք է կռիվ տանք։

Այդքան շատ ենք խոսում բեկման մասին, բայց պետք է հասկանալ, որ այն բեկումը, որը պատկերացնում եք, այսինքն՝ գոնե բոլոր կորցված տարածքների վերականգնումը, օրերի ու շաբաթների հարց չէ, այլ առնվազն ամիսների։

Պետք է հասկանաք, որ մինչև դռոների օդային գերակայուն հարցը չփակվի, դաշտային հատվածը հետ վերադարձնելու համար գերմարդայինից էլ անդին ճիգեր են պետք։ Հաղթանակը հնարավոր է երկարող պատերազմի սցենարի դեպքում ու պայմանով, որ վերևում թվարկվածս նախապայմաններն ու հետևությունները կարվեն/արվել են, հատկապես՝ Ռուսաստանի մասով։

Պետք է նաև հասկանանք, որ բեկումն ու հաղթանակի համար միայն զինվորի ու կամավորի խիզախությունը հերիք չէ, հաղթանակն ու բեկումը հնարավոր են միայն հնարավորինս միասանականության ու միահամուռության պայմաններում, պետական համակարգի արդյունավետության բարձրացման պայմաններում, զորահավաքի ճիշտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման դեպքում, քաղաքական ու ռազմական անկոտրուն կամքի ու խելամտության դեպքում։

Ժողովուրդ, լրջանալու պահն է։ Մենք էլ չենք կարող թույլ տալ մեզ ավանտյուրիզմ, չենք կարող մեզ թույլ տալ թեթևամտություն, չենք կարող թույլ տալ փափկամորթություն, մենք պետք է հասկանանք, որ հպարտությունը՝ մեղք է, իսկ առաքինություն է արժանապտվությունը, մենք պետք է հասկանանք, որ աշխարհը ցինիկ է ու դաժան, թույլերն այս աշխարհում չեն հաղթում, մենք պետք է հասկանանք, որ մինչև ինքներս չանենք մեզնից հասանելիք ամեն հնարավորը՝ ուրիշը դա մեր փոխարեն չի անելու ու վերջապես մենք պետք է հասկանանք, որ այ հենց հիմա, հենց այս վայրկյաններին է որոշվում մեր պետականության հարցը ու սա համակարգչային խաղ չէ, որ եթե մի բան չստացվի՝ սեյվ արածդ մասից նորից կարող ես փորձել։

 

Իրավիճակի հակիրճ անալիզն էս ա, մնացածը դուք գիտեք, ես գնացի։

 



loading...