Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ)


Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ)
Հոկտեմբեր 22 19:32 2020

Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի հրապարակած տեսանյութում ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի և ասել էին, որ Թուրքիայից են:

 «Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասել է ադրբեջանցի ռազմագերին:

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն նշել է նաև, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են և նոր վիրակապ են դնում: