Տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք. քաղաքագետ


Տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք. քաղաքագետ
Հոկտեմբեր 22 18:04 2020

Հեղափոխական անհանդուրժողականությունն գոնե ներքին լսարանին պահեք, պատեհ ու անպատեհ առիթներով անիմաստ լեզվակռվի մի բռնվեք, այլ ազգերի հանդեպ բացասական ու թշնամական արտահայտություններ մի օգտագործեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի շատ կարեւոր բանի մասին եմ ցանկանում գրել, բայց վստահ չեմ, թե որքանով դա կփոխի իրավիճակը:

 

Սոցիալական ցանցերը յուրաքանչյուրին հնարավորություն է տվել արտահայտվել իր գիտելիքներին, կրթվածությանն ու դաստիարակությանն համապատասխան ու որքանով վերը նշված պարամետրերը ցածր են, այնքանով տեսակետները վճռական են, հայհոյախառն ու, չվախենանք գնահատականից, անգրագետ:

Բայց այդ դրսեւորման մի ասպեկտի մասին եմ ցանկանում գրել, որն արդեն ազդում է ազգային անվտանգությանը: Խոսքը ոչ թե ներազգային ինֆորմացիոն տիրույթի մասին է, այլ՝ միջազգային:

Մի հսկա զանգված, որը, նորից եմ նշում, վերը նշված պարամետրերով չափազանց ցածր մակարդակում է գտնվում, հորդել է հատկապես ռուսալեզու (ոչ միայն ռուսական) սոցիալական ցանցեր, հրապարակումների մեկնաբանությունների բաժիններ, ու հայհոյանքների ու տգիտության տարափ է տարածում այնտեղ, մեր դեմ տրամադրելով մարդկանց ու հասարակություններին, որոնք ոչ Արցախի պատերազմի հետ առընչություն ունեն, ոչ էլ մեր թշնամիներն են:

Արդեն տարբեր երկրների մեկնաբանները հաղորդումների ժամանակ նշում են այդ երեւույթն ու մեր նկատմամբ բացասական տրամադրվում:

Խնդրում եմ, տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ, մեղադրանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք, մի քննարկեք բաներ, որոնցից գաղափար չունեք: Դրանով մեծ վնաս եք հասցնում:

Հեղափոխական անհանդուրժողականությունն գոնե ներքին լսարանին պահեք, պատեհ ու անպատեհ առիթներով անիմաստ լեզվակռվի մի բռնվեք, այլ ազգերի հանդեպ բացասական ու թշնամական արտահայտություններ մի օգտագործեք: Եղած թշնամիներն էլ են բավական, նորերը պետք չի ձեռք բերել:

Ներհայկական տիրույթի փոխադարձ ատելությունն ու հայհայանքները չափազանց առատ են, դրանով բավարարվեք ու այդ բացասական էներգին արդեն միջազգային տիրույթում մի տարածեք։ Հայերի մեկնաբանությունները նայելիս գետինն ես մտնում ...:

Եթե հիմնավորված, փաստարկված տեսակետներ չեք կարողանում հայտնել, թեմային չեք տիրապետում, զրուցակցի տեսակետը ի վիճակի չեք հարգել, ուղղակի մի գրեք, դրանով շատ մեծ վնաս եք հասցնում:

Արդեն որերրորդ հաղորդումն եմ դիտում, որտեղ զարմացած են հայերի լեզվի ոճից, մակարդակից ու մտածողությունից»։



loading...