Մարտի դաշտում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր՝ գուցե հետ գալու հնարավորություն չունենա ու վերջին զրույցում ասել՝ «Լավ մնացեք, մամ»․ ընկերը՝ զոհված զինծառայող Ռազմիկ Բարսեղյանի մասին


Մարտի դաշտում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր՝ գուցե հետ գալու հնարավորություն չունենա ու վերջին զրույցում ասել՝ «Լավ մնացեք, մամ»․ ընկերը՝ զոհված զինծառայող Ռազմիկ Բարսեղյանի մասին
Հոկտեմբեր 22 16:33 2020

20-ամյա Ռազմիկ Բարսեղյանը դաստիարակված, դրական ու լուսավոր անհատականություն էր, ով միշտ երգում, պարում ու ծիծաղում էր։ Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հակառակորդի դեմ մղվող մարտերի ընթացքում նահատակված Ռազմիկ Բարսեղյանի ընկեր Մերի Հովհաննիսյանը:

«Ռազմիկին 4 տարի է, որ ճանաչում եմ, բյուրեղյա մաքրություն ուներ, երբ առաջին անգամ տեսա իրեն, 16 տարեկան էր, աչքերը մեծ, պայծառ, լուսավոր։ Այս 4 տարիների ընթացքում ես իրեն միշտ հիշում եմ էսպես վառ ու լուսավոր: 2019-ի հուլիսից ծառայում էր Աշտարակում (Մուղնի): 2020-ի հունվարից տեղափոխեցին Շուշի, իսկ հունիսից Մատաղիսի դիրքերում էր, առաջնագծում։

 

Նա աստվածապաշտ, հավատացյալ ընտանիքում է մեծացել, ու ինքն էլ շատ խորը հավատ ու սեր ուներ առ Աստված, և առհասարակ մարդկության հանդեպ ևս։ Էությամբ շատ բարի էր ու մարտի դաշտում ոչնչացնելով թշնամուն, հոգու խորքում խորը սթրես էր ապրում, որի մասին վերջին անգամ կիսվել էր մոր հետ»,- նշեց Բարսեղյանի ընկերը և հավելեց՝ Ռազմիկը վերջին անգամ զանգահարել էր հոկտեմբերի 6-ին։

«Ինձ թվում է՝ Ռազմիկը շատ վտանգների միջով անցնելով ու մարտի դաշտում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր, որ գուցե էլ հետ գալու հնարավորություն չունենա, դրա համար մամային ասել էր՝ «լավ մնացեք, մամ»»,-պատմեց ընկերը:

Մերի Հովհաննիսյանը նշեց, որ Ռազմիկը դեռ համալսարան չէր ընդունվել, ուզում էին ծառայությունի հետո քույրիկի հետ միասին ընդունվել։

 

Պատմելով նահատակված հերոսի քաջության մասին՝ Մերին նշեց, որ Աստված շատ փորձանքներից է փրկել Ռազմիկին և նրա ընկերներին: «Մի անգամ նույնիսկ հիշել է Աստվածաշունչը, փոքրիկ աթոռին նստել, որ կարդա ու հենց այդ պահին թշնամու գնդակն անցել է գլխի վրայով»,- նշեց ընկերն ու պատմեց, որ Ռազմիկն օգնել է դիրքերից իջեցնել աչքի առաջ զոհված բոլոր մարտական ընկերների մարմինները, նույնիսկ այն ժամանակ, երբ հրամանատարը ասել է, որ չի տալիս այդ հրամանը։

«Ինքը մարտի դաշտում իրեն պահել է հերոսի պես, հասկացել է՝ ինչ բան է անձ ուրանալը, սեփական կյանքը վտանգելը նույնիսկ զոհված ընկերների մարմինները փրկելու համար»,- ասաց Մերին։

Ընկերոջ խոսքով՝ Ռազմիկն իր մասին մեծ հիացմունքով էր արտահայտվում․ «Մի օր խոսքի մեջ ասաց՝ «Մերի, երբեք չէի մտածի, որ դու ինձ այսքան մտերիմ ու հարազատ մարդ կդառնաս», ես էլ ծիծաղեցի ու շոյեցի գլուխը։ Ո՞վ կմտածեր, որ հերոսն է ինձ նման խոսքեր ասում։ Վերջին անգամ զինվորական համազգեստով եկեղեցում եմ տեսել, հարցրեց՝ երբ է հարսանիքդ, շատ էր ուզում ներկա լինել, չհասցրեց»



loading...