«Երեխուս բանակ եմ ճանապարհել մեծ հույսով, որ հետ կգա, բայց...»


«Երեխուս բանակ եմ ճանապարհել մեծ հույսով, որ հետ կգա, բայց...»
Հոկտեմբեր 22 15:50 2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում սեպտեմբերի 27-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող Ալեքս Պողոսյանը: Ալեքսը ծնվել և մեծացել է Վանք գյուղում: Նա իր ծառայությունն իրականացնում էր Հադրութում: 9 ամսից Ալեքսի ընտանիքը կդիմավորեր իր զինվորին: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց հերոսի հայրիկի՝ Վարդան Պողոսյանի հետ, որը հպարտությամբ, բայց և սրտի մեծ կսկիծով խոսեց մեր նորօրյա հերոսի մասին. «Ալեքսս մեծին մեծ էր հարգում, փոքրին՝ փոքր: Այնպես չէ, որ իմ երեխան է՝ գովում եմ: Սովորական երեխա էր, մեծացել էր առանց մոր, իրեն պահել ենք ես ու ծնողներս: Երեխուս բանակ եմ ճանապարհել մեծ հույսերով սպասելով, որ հետ կգա»,-ասաց զինվորի հայրը:

Ինչպես նշում է Վարդան Պողոսյանը, Ալեքսը, անգամ, ազատ ժամանակ էր նախընտրում աշխատելը. «Շատ աշխատասեր երեխա էր Ալեքսս: Անգամ, ամառային արձակուրդներին ինքը աշխատում էր: Մեր գյուղում ռեստորան ունեինք, որտեղ մատուցող էր աշխատում, բարմեն, պոպոկ էր հավաքում, վաճառում: Ալեքսս իր բոլոր ծախսերը ինքն է հոգացել: Երբեք նեղություն չի տվել ինձ»,- ընդգծեց նա: 

Ալեքսը սովորում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Ըստ նրա հայրիկի՝ նա շատ նպատակներ ուներ, ցանկանում էր վերադառնալ և գյուղատնտեսությամբ զբաղվել. «Ծրագրել էինք նաև, որ միասին աշխատեինք ու տուն գնեինք, 23 տարի է՝ վարձով ենք ապրում»:

Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց որդու հետ պատահածը. «Դեպքը պատահել էր ամսի 27-ի երեկոյան: Ալեքսենց դիրքերը այդքան էլ վտանգավոր իրավիճակում չէին գտնվում այդ ժամանակ, հիմնական գործողությունները կատարվում էին իրենց կողքի դիրքերից մեկում: Երբ հրամանատարը գնում է այդ դիրքին օգնություն ցույց տալու, Ալեքսս ևս գնում է հրամանատարի հետ՝ չլսելով նրա հորդորը, որ մնա դիրքում: Թշնամին տանկի միջից դուրս է գալիս և 15 մետր հեռավորությունից Ալեքսին հասցնում է հրազենային 3 վնասվածք: Իհարկե, վերջում մեր տղաները ոչնչացնում են նրանց»,- նշում է Վարդան Պողոսյանը:

 

Հայրը ասաց, որ ինքը ևս դիմել էր որպես կամավոր, բայց նրա առողջական վիճակը չի ներել, փոխարենը նա իր սեփական միջոցներով օգնել է տեղի բնակչությանը՝ տեղահանության հարցով:

 Վարդան Պողոսյանը նշեց, որ վերջին անգամ Ալեքսի հետ խոսել է ամսի 27-ի առավոտյան. «Տրամադրությունը շատ լավ էր, ասացի՝ ինչ կա, շատ են խփում, ասաց՝ խփում են, թո‘ղ խփեն: Օրեր շարունակ ամբողջ Հայաստանը ման եմ եկել՝ գիշեր-ցերեկ, ոչ հաց եմ կերել, ոչ քնել եմ ու 13 օր ման գալուց հետո նոր կարողացել եմ գտնել երեխուս՝ Հերացու դիահերձարանում»,- եզրափակեց հերոս Պողոսյան Ալեքսի հայրը:

Զվարթ Պետրոսյան