Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․ Yerkir.am


Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․ Yerkir.am
Հոկտեմբեր 22 14:41 2020

Yerkir.am-ը գրում է․

«Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական  ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարեւորագույն երկուսը․ առաջին՝ Հայոց բանակի եւ ժողովրդի անպարտելի հերոսական ոգին եւ երկրորդ՝ Հայաստանի, ինչպես եւ տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը:

Ստեղծված կացության մեջ կենսականորեն անհրաժեշտ է առավելագույնս շուտ հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդկային թանկ՝ նոր կորուստների կանխմանը եւ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության պահպանմանը: 

Այս պահին կենսականորեն անհրաժեշտ է պատերազմում հերոսաբար մարտնչող հայ զինվորին անվերապահորեն աջակցել առաջին հերթին ներքին համերաշխությամբ ու միաբանությամբ՝ քաջությունը համադրելով բանականության հետ: Ի շարս այլ գործողությունների՝ պետք է իրականացնել եւ կամ զերծ մնալ հետեւյալ քայլերից՝

ա. հրաժարվել ներքին կյանքում թալանողների եւ թալանվածների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների դասակարգեր ձեւավորելու անիմաստ ու կործանարար գործելաոճից, երբեւէ տեղ գտած սխալների համար պատասխանատուներ գտնելու եւ հայտարարելու աղետաբեր քայլերից:

բ. բոլոր հնարավոր միջոցները ներդնել ավելացնելու համար ՀՀ եւ ՌԴ հարաբերություններում փոխվստահության պաշարները՝ նվազագույնը՝ վերացնել փոխվստահությանը արգելակող խոչընդոտները, հատկապես՝ զերծ մնալ հակառուսական հրապարակային դիրքորոշումների ու տեսակետների արտահայտումից: 

գ. իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի եւ Սփյուռքի բոլոր ուժերին, օգտագործելով ինչպես իշխանամետ, այնպես եւ ընդիմադիր դաշտի բոլոր ուժերի ռեսուրսները՝ առանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելության, սոցիալական կարգավիճակի եւ որեւէ այլ հատկանիշի տարբերակման:

դ. իշխանություններին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը` անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից եւ անկախ ունեցած ֆորմալ պատասխանատվությունից, առանց հրավերի սպասելու, պարտավոր են հասանելի բոլոր միջոցներով աջակցել եւ մասնակցել պատերազմի հաջող ելքին։

ե. պետք է զերծ մնալ հատկապես վիրտուալ արկածախնդրություններից եւ հրապարակային հարթակներում պաթետիկ հռետորաբանությամբ կեղծ ոգեւորություն ցուցադրելու գայթակղությունից, առավել եւս՝ հուսահատության եւ խուճապային տրամադրություններ ստեղծելու փորձությունից:

Անհրաժեշտ է գիտակցել, որ սպառնալիքը ուղղված է մեզ թե՛ իբրեւ հավաքականություն, թե՛ իբրեւ անհատ՝ առանց որեւէ տարբերակման։ Սպառնալիքի առջեւ չկա այլ ընտրություն, քան՝ համախմբվել, համախմբվել հանուն հաղթանակի եւ հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգության:

Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. «Եւ խաղաղութեան Աստուած թող խորտակի Սատանային մեր ոտքերի տակ» (Հռոմ. 16. 20)

Աստված մեր ժողովրդի հետ. ամեն:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյան»