Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները սկսվել են. առաջնահերթությունը` ռիսկի խմբերին. ԱՆ


Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները սկսվել են. առաջնահերթությունը` ռիսկի խմբերին. ԱՆ
Հոկտեմբեր 22 14:30 2020

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Ռիսկի խմբերն են.

 

հղիները,

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,

65 տարեկանից բարձր անձինք,

շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք,

փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում,հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Վերոհիշյալ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:

 

Նշենք, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) կամ այլ սուր շնչառական վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Սակայն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) և սեզոնային գրիպի ռիսկի խմբերը հիմնականում համընկնում են, մասնավորապես` տարեցները, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները: Այդ պատճառով բնակչության ռիսկի խմբերին անհրաժեշտ է ստանալ պատվաստում սեզոնային գրիպի դեմ՝ առնվազն սեզոնային գրիպից պաշտպանված լինելու և բարդություններից խուսափելու համար։

 

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, ԱՆՎՃԱՐ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ: