Պետդումայում հայտնել են, որ ԼՂ-ի պատճառով Ռուսաստանը կարող է դեսանտային օպերացիա իրականացնել


Պետդումայում հայտնել են, որ ԼՂ-ի պատճառով Ռուսաստանը կարող է դեսանտային օպերացիա իրականացնել
Հոկտեմբեր 22 11:26 2020

ՌԴ պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները։

 

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Զատուլինը հայտնել է, որ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանի խաղաղությունը, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով, ըստ նրա, նրանց պետք է հիշեցնել, թե հետխորհրդային տարածքում ո՛ր պետությունն է հանդիսանում առաջատար։

 

Պատգամավորը խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն թվարկել է մի քանի հնարավոր տարբերակ, որոնցից մեկն էլ Հայաստանում դեսանտային օպերացիան է։

 

«Հայաստանում ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով։ Հայաստանի, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով՝ դեսանտային օպերացիայի միջոցով։ Օդային շրջափակումը բացելու միջոցով: Անհրաժեշտության դեպքում մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ եթե հարկ լինի, նրանք պետք է հանգիստ ընդունեն, որ իրենց օդային տարածքով Հայաստան պետք է ուղարկվեն անհրաժեշտ ուժերն ու միջոցները: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գնում է Կովկասում զինյալների տարածման մասին, ինչից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մնացած բոլորը: Սպառնալիք կա հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այդ տարածքում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք», – ասել է Զատուլինը։

 

Բացի այդ, խորհրդարանականը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հակամարտությունն առայժմ չունի դիվանագիտական լուծում Ադրբեջանի գործողությունների պատճառով։ Զատուլինը նաև ցավով նշել է, որ բանակցային գործընթացն առաջ չի շարժվում՝ չնայած Ռուսաստանի ջանքերին։

 

«Այդ պատճառով մասամբ կարելի է հաստատել այն, ինչ ասաց Փաշինյանը։ Մենք այժմ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է դիրքորոշումը և կողմ է արտահայտվում բանակցություններին, ընդ որում՝ շարունակելով հարձակումը և կուլիսներում անընդունելի պահանջներ ներկայացնելով։ Բայց արտաքինից դա երևում է ինչպես խաղաղության դրսևորում», – ասել է Զատուլինը։