Երուսաղեմի Հունաց Պատրիարքը կոչ է արել գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում


Երուսաղեմի Հունաց Պատրիարքը կոչ է արել գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում
Հոկտեմբեր 22 00:05 2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երուսաղեմի Հունաց Պատրիարքարանից ստացվել է Նորին Ամենապատվություն Թեոփիլոս Գ Պատրիարքի գրությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատասխանելով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակին՝ Պատրիարքն ընդգծել է, որ Պատրիարքությունը միշտ դատապարտել է ցանկացած բռնություն որևէ վայրում և խրախուսել բանակցությունները՝ որպես լարվածության և հակամարտության կարգավորման միակ անվտանգ և հուսալի ճանապարհ:

«Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որպեսզի հակամարտող կողմերի ղեկավարներն անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, լուծեն այս բարդ իրավիճակը և վերականգնեն խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Ցավում ենք մարդկային անմեղ զոհերի և տեղահանված մարդկանց համար: Միանում ենք աշխարհի բոլոր բարեսիրտ մարդկանց՝ կոչ անելով իշխանություններին՝ գտնել խաղաղ բանակցային լուծում առկա հակամարտության համար: Հորդորում ենք նաև միջազգային հանրությանը՝ պատշաճ դեր ստանձնելու՝ օժանդակելու այս հրատապ խնդրին: Աղոթում ենք հրադադարի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար», - նշել է Երուսաղեմի Հունաց Պատրիարքը՝ տեղեկացնելով այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին և իր եղբայրական աղոթքները փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետին։



loading...