Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը


Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը
Հոկտեմբեր 21 20:41 2020

Ռազմական հակամարտությունների ուսումնասիրությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ի (CIT) մասնագետները հաստատել են սիրիացի վարձկանների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության գոտիներում, որտեղ նրանք Ադրբեջանի կողմից մասնակցում են մարտերին: Այս մասին գրում է Current Time-ը:

 

Համացանցում տեղադրված տեսանյութերի ուսումնասիրության հիման վրա CIT-ի հետազոտողները պնդում են, որ սիրիացիները ներկա են առնվազն ռազմաճակատի հարավային ուղղությամբ, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում: Ինչպես նկատում են մասնագետները, սիրիացիները հրապարակված կադրերում ներկայանում են ադրբեջանցի սահմանապահների համազգեստով:

Տեսանյութերից մեկում ադրբեջանական համազգեստով սիրիացիները, կանգնած լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Իրանի հետ սահմանային շրջանում տեղադրված ցուցանակի մոտ, արաբերեն են խոսում:

 

Մեկ այլ տեսանյութում, որը ևս նկարահանվել է ԼՂ-ի՝ Իրանի հետ սահմանային շրջանում, ադրբեջանական զինվորական համազգեստով սիրիացին խոսում է արաբերեն և նկարահանում է իրականացնում:

Հետաքննող Ելիզավետա Ցուրկովան հայտնել է, որ արդեն օգոստոսի սկզբին Աֆրինում սկսել են գրոհայիններին հավաքագրող միջնորդներ հայտնվել: Աղբյուրը նշում է, որ The Guardian-ի տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին և 18-ին գրոհայինները պայմանագրեր են կնքել: Wall Street Journal-ի տվյալներով՝ ամսվա կեսերին սկսվել է նրանց տեղափոխումը: Սեպտեմբերի 23-ին՝ Ղարաբաղում պատերազմի մեկնարկից 4 օր առաջ, հայտնի է դարձել թրքամետ խմբավորումներից մեկի անդամների՝ Ադրբեջան ուղարկելու մասին:

«Համադրելով այս փաստերը և այլ հանգամանքներ՝ կարելի է վստահաբար ենթադրել, որ ներկայիս ռազմական գործողությունները Ղարաբաղում նախապատրաստվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախապես և հերթական պատահական սրման հետևանք չեն»,- եզրակացնում է աղբյուրը: