Միայն ՌԴ-ն՝ իր զինված ուժերով և ԱՄՆ-ն՝ իր տնտեսական հզորությամբ կարող են զսպել Թուրքիայի պանթուրքիստական և պանիսլամիստական ծրագրերը․ թուրքագետ


Միայն ՌԴ-ն՝ իր զինված ուժերով և ԱՄՆ-ն՝ իր տնտեսական հզորությամբ կարող են զսպել Թուրքիայի պանթուրքիստական և պանիսլամիստական ծրագրերը․ թուրքագետ
Հոկտեմբեր 21 19:36 2020

Թուրքիան նախապատրաստվեց և հրահրեց պատերազմ, հիմա էլ ղեկավարում է պատերազմը զինված ուժերի հատուկ նշանակության ներկայացուցիչների, վարձկանների, ջիհադիստ ահաբեկիչների միջոցով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

 

«Թուրքիայի մասնակցությունը կշարունակվի այնքան, ինչքան Ադրբեջանը կկարողանա դիմակայել: Եթե Ադրբեջանը դեռևս պայքարում է, դա Թուրքիան ուղղորդմամբ է: Եթե չլիներ Թուրքիայի ղեկավարումը, Ադրբեջանը շուտ կհամաձայնվեր հրադադարին և բանակացություններին»,-նկատեց նա:

Սաֆրաստյանն ընդգծում է, որ Թուրքիայի ծրագրերը շատ ավելի մեծ և  հեռանկարային են և այն կարելի է բնութագրել և՛ պանթուրքիզմ, և՛ պանիսլամիզմ եզրույթներով: Ըստ նրա՝ շատ է խոսվում, որ Թուրքիան իրականացնում է պանթուրքիստական ծրագրեր, բայց մենք քիչ ուշադրություն ենք դարձնում Թուրքիայի պանիսլամիստական ծրագրերին, մինչդեռ այդպիսի ծրագրեր կան․ «Ծրագիր կա, որի նպատակն է աշխարհի 61 մուսուլամանական երկրներից ստեղծել ընդհանուր կոնֆեդերացիա, որի մայրաքաղաքը պետք է լինի Ստամբուլը: Եվ նա հիմա լծվել է այդ նպատակների իրականացմանը։ Պատահական չէ, որ Թուրքիան ուղարկել է Ադրբեջան իր վարձկաններին, որոնք ջիհադիստներ են՝ ծայրահեղական, իսլամիստներ»:

 

Թուրքագետի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև մի հանգամանքի վրա․ Սիրիայում, Լիբիայում տեղակայվող ջիհադիստները մի քանի տասնյակ հազար են, Թուրքիան մի քանի հազարն ուղարկել է Ադրբեջան և նրանք Արցախի ժողովրդի դեմ կռվելով՝ իրականացնում են իրենց պատկերացմամբ՝ ջիհադ քրիստոնեության դեմ։

«Հայ զինվորները կատարում են շատ կարևոր առաքելություն՝ կանգնեցնում են ջիհադիստների առաջխաղացումը քրիստոնեության դեմ: Փաստորեն մեր զինվորները քրիստոնեության առաջամարտիկներ են և այս հանգամանքը մենք պետք է լավ պատկերացնենք և հասկանանք»:

Հարցին՝ ո՞ր կառույցները և ո՞ր երկրները կարող են այնպիսի սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ, որ նրան չհաջողվի իրականացնել իր պանթուրքիստական և պանիսլամիստական ծրագրերը, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց՝ ինչպես փորձը ցույց է տալիս, Էրդողանին վերջին տարիների իր կառավարման շրջանում շատ դժվար է զսպել, սակայն համոզված է, որ միայն Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են զսպել  Թուրքիային, Ռուսաստանն՝ իր զինված ուժերի հզորությամբ, իսկ ԱՄՆ-ն՝ իր տնտեսական հզորությամբ:

«Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, ես չեմ հավատում, որ կարող են զսպող դեր կատարել, որովհետև Թուրքիան միշտ կարողացել է գտնել դաշնակիցներ միջազգային կառույցներում, օրինակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրամիությունում, որոնք էլ իրեն պաշտպանել են: Այդ կազմակերպությունները պետք է կոնսենսուս ունենան, միասնական լինեն, որ Թուրքիայի դեմ որոշում ունենան, բայց քանի որ միշտ դաշնակիցներ է գտնում, ապա դա հնարավոր չէ»,- ասաց նա:

Սաֆրաստյանը համոզված է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որ Ադրբեջանը չհամաձայնվի զինադադարին և բանակցությունների վերսկսման, որովհետև լուծում է ավելի մեծ խնդիրներ և օգտագործում է Ադրբեջանին որպես իր խամաճիկ: