Աբխազիայի քաղհասարակության ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններին կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը


Աբխազիայի քաղհասարակության ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններին կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը
Հոկտեմբեր 21 18:31 2020

Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված դիմում են ներկայացրել միջազգային միություններին և կազմակերպություններին՝ կոչ անելով հայ և ադրբեջանցի ժողովուրդների փրկության համար քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և ճանաչել Արցախի անկախությունը, գրում է աբխազական պետական Апсныпресс լրատվական գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նամակն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրոպայի խորհրդին, Եվրախորհրդարանին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակին։

Նամակում մասնավորապես ասվում է, որ ղարաբաղյան, ինչպես նաև վրաց-հարավօսական և վրաց-աբխազական հակամարտությունները Խորհրդային միության փլուզման անավարտ գործընթացի հետևանք են։

Նշվում է, որ աշխարհի երկրները թվում է, թե զբաղվում են նմանատիպ հակամարտությունների լուծմամբ, սակայն իրականում միայն նպաստում են դրանց սառեցմանը, քանի որ արյունալի պատերազմներից հետո նախկին «ստալինյան» սահմաններում «տարածքային աբողջականության» վերականգնումը հնարավոր չէ։ Նշվում է, որ Հարավային Կովկասում մերժվում է ինքնորոշման միջոցով հակամարտության լուծման տարբերակը՝ չնայած աշխարհում եղած նման նախադեպերի՝ ինչպես Կոսովոյի օրինակը։ Այս առումով ցուցաբերած համառությունն իրականում չի թողնում, որ երկարաժամկետ խաղաղության և ամբողջ տարածաշրջանում համագործակցության հաստատման ուղղությամբ ժամանակակից իրողությունների վրա հիմնված, ռացիոալ ուղիներ գտնվեն։ 

Նշվում է, սակայն, որ միջազգային հանրությունը տիրապետում է խաղաղ գործընթացների խթանման համար բոլոր անհրաժեշտ միջոցներին և մեխանիզմներրին, որոնց թվում են տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, որոնք հաճախ կիրառվում են առավել ոչ ծայրահեղ իրավիճակներում։ 

«Հանուն այս անվերջ պատերազմում զոհվող հայերի և ադրբեջանցիների անհրաժեշտ է առանց հապաղելու սկսել բանակցություններ, որոնց անպայմանորեն պետք է նաև Ղարաբաղը մասնակցի։  Առանց հակամարտող կողմերի միջև երկխոսության, բանակցությունները դառնում են թերի և անհեռանկար, ինչը չի կարող փոխըմբռնում և խաղաղություն բերել: Ընդունելի չէ հակամարտող կողմերից որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելը»,- ասվում է նամակում և ընդգծվում, որ այս պարագայում պարտադիր է Արցախի ճանաչումը և ցանկալի արդյունքի հասնելու համար դրան հաջորդող բանակցային գործընթացը։