ԲՀԿ-ն առաջիկա օրերին քաղխորհրդի նիստ է հրավիրելու և մենք հուսով ենք, որ այն նախագահելու է Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան


ԲՀԿ-ն առաջիկա օրերին քաղխորհրդի նիստ է հրավիրելու և մենք հուսով ենք, որ այն նախագահելու է Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան
Հոկտեմբեր 17 21:40 2020

Hraparak.am-ը գրում է.

«Այսօր ընդդիմադիր կուսակցություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որին չէր միացել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Մենք ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին մի քանի հարց ուղղեցինք․ 

-Տիկին Տոնոյան, հայաստանյան 14 կուսակցություններ այսօր հայտարարություն են տարածել այն մասին որ անհրաժեշտ է հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի միացել այս նախաձեռնությանը: Ինչու՞:

-Այո՛, մեր գործընկեր 14 կուսակցություններ այսօր հանդես են եկել նման նախաձեռնությամբ, որտեղ նշվում է , որ ստեղծված օրհասական իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում համազգային ներուժի համախմբման անհրաժեշտություն է զգացվում:  Սա միանշանակ հասունացած օրակարգ է: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռևս պատերազմի սանձազերծման առաջին օրերին է բարձրաձայնել քաղաքական դաշտի միասնականության, ներկուսակցական համերաշխության և  համախմբման անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ հարցադրումներին, ապա պետք է նշեմ, որ Բարգավաճ Հայատան կուսակցությունում քաղաքական բոլոր կարևորագույն որոշումները քննարկվում են քաղխորհրդի նիստերի ընթացքում: Մենք պլանավորում ենք առաջիկա օրերին հրավիրել քաղաքական խորհրդի նիստ և լիահույս ենք, որ այդ նիստը նախագահելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հենց այդ նիստի ընթացքում էլ մենք պլանավորում ենք քննարկել երկրում ստեղծված օրհասական վիճակը, մեր գործընկերների այս նախաձեռնությունը, ինչպես նաև նախանշել առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը:  

 

-Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի միջնորդությունը: Ինչն է ձեզ լավատեսություն տալիս, որ ԲՀԿ քաղխորհրդի առաջիկա նիստը հնարավոր է, որ նախագահի Գագիկ Ծառուկյանը, ասել է թե գտնվի ազատության մեջ:

-Ես դեռ ուզում եմ հավատալ, որ մեր երկրում արդարադատության համակարգը վերջնականապես չի կորցրել առողջ բանականությունը և օրենքի տառով առաջնորդվելու իր առաքելությունը և դեռ կարող է ապացուցել, որ զերծ է քաղաքական պատվերներ կատարելու իջեցված հրահանգներից: Բազմիցս ասել ենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից  և նա ապօրինի կերպով է ներկայումս գտնվում կալանքի տակ:  Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող արարքի դեպքում օրենսդրությամբ   որպես պատժատեսակ նախատեսում է նաև տուգանք, երբ  թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը քանիցս նշել են, որ կալանքը միայն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի որպես խափանման միջոց՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գտնվել անազատության մեջ: Ինչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Զավեշտալի են մեղադրող կողմի այն պնդումները, թե Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, այն դեպքում, երբ մեղադրանքի հարուցումից ամիսներ անց լինելով ազատության մեջ պարոն Ծառուկյանը երբևէ նման որևէ փորձ անգամ չի արել և սա ապացուցված ճշմարտություն է:  Կրկնում եմ, որ դեռ ուզում եմ հավատալ, որ դատական համակարգը չի կորցրել բանականության վերջին նշույլները և ի զորու է ադեկվատ որոշումներ կայացնել և այո՛ առաջիկա օրերին հրավիրվելիք  ԲՀԿ քաղխորհրդի նիստը նախագահելու է հենց Գագիկ Ծառուկյանը: Իսկ քաղաքական դաշտի միասնականության ու համերաշխության դերը կարևորող բոլոր ուժերն ու անհատները Գագիկ Ծառուկյանին անազատության մեջ պահող խափանման միջոցի փոփոխության գործընթացին աջակցելով հիանալի հնարավորություն ունեն ապացուցելու, որ դրանք լոկ բառեր չեն և որ խոսքից գործի անցնելու ժամանակը վաղուց արդեն եկել է»:



loading...