«Չեխիա, ճանաչիր Արցախը». հայկական երաժշտություն եւ կարգախոսներ. Չեխիայում հայերը լուռ ակցիա են արել


«Չեխիա, ճանաչիր Արցախը». հայկական երաժշտություն եւ կարգախոսներ. Չեխիայում հայերը լուռ ակցիա են արել
Հոկտեմբեր 17 18:07 2020

Չեխիայում հայ երիտասարդները լուռ ակցիա են արել. րանք ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա։

Ակցիայի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի եւ Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի  կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի եւ Թուրքիայի  նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են բժշկական դիմակներ, որոնց վրա գրված են եղել տարբեր պետությունների անուններ: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիեւին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ», «Մինսկի խումբ, դու պետք է կանգնեցնես Ալիեւի ագրեսիան», «Լռությունը հավասար է տեռորիզմի աջակցության», «Փոքր ազգը կռիվ է տալիս փրկվելու համար», «Թուրքիան ահաբեկչությունը ֆինանսավորող պետություն է», «Չեխիա, ճանաչիր Արցախը»:

Ցուցարարներից մեկը նշել է, որ կամուրջի երկարությունը 547 մետր է, եւ բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են կամուրջի ամբողջ երկայնքով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։