Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են Սյունիքի ուղղությամբ, 2-ը խոցվել է


Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են Սյունիքի ուղղությամբ, 2-ը խոցվել է
Հոկտեմբեր 17 02:04 2020

ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ։ Թռիչքների ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈւ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Զոհեր և վիրավորներ չկան, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈւ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ամբողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, տուժել էր Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Ադրբեջանը զուգահեռաբար հայտարարել է Գյանջայի ու Մինգեչաուրի ուղղությամբ հարվածների մասին։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ ՀՀ տարածքից ու ՀՀ ԶՈւ կողմից Ադրբեջանին հարվածներ չեն հասցվում։ Նա նաև հայտնել է հակառակորդի 2 ԱԹՍ խոցելու մասին։