«Միևնույնն է՝ մենք ու մեր օգնությունն Արցախ հասնելու են». ախալքալաքցիները բեռնատարի թուրք վարորդից վերցրել են դրոշը, այրել ու հետո բացել վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը


«Միևնույնն է՝ մենք ու մեր օգնությունն Արցախ հասնելու են». ախալքալաքցիները բեռնատարի թուրք վարորդից վերցրել են դրոշը, այրել ու հետո բացել վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
Սեպտեմբեր 30 02:37 2020

Քիչ առաջ հարյուրավոր ախալքալաքցիներ բացել են վրաց-թուրքական սահմանի Կարծախի հատվածը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ճանապարհը փակող երիտասարդները։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ախալքալաքցիները փակել են այն անցակետ տանող ճանապարհն ի պատասխան վրաց֊հայկական փակ սահմանի,ինչի պատճառով հայաբնակ վայրերից հումանիտար օգնությամբ բարձած բեռնատարները չեն կարող գալ Հայաստան`Արցախ ուղևորվելու համար։

Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ այդ կերպ երկու երկրների կառավարությունների ուշադրությունն են հրավիրել խնդրին,որ ցանկանում են բաց սահմաններ ունենալ,գնալ Արցախ ու մաև հումանիտար օգնություն ուղարկել։

 

«Մտադրություն չունեինք անցակետը բացելու, սակայն պատգամավոր Սամվել Մանուկյանը եկավ, միջամտեց, որ բացենք անցակետ տանող ճանապարհը, ինչը, մեղմ ասած, մեզ համար ընդունելի տարբերակ չէր, բայց այդ թեմայով՝ այսքանը։ Կարծում եմ՝ դա իր ազդեցությունը կունենա իշխանության թեկնածու պատգամավորի համար առաջիկա խորհրդարանական ընտրություններին»։

Մյուս մասնակիցն էլ պատմեց, որ ճանապարհը փակ պահելու ընթացքում բեռնատարներ են կուտակվել.

«Դիմացի բեռնատարի թուրք վարորդին ստիպեցինք մեքենայից հանել Թուրքիայի դրոշը և տալ մեզ։ Իրականում ոստիկանը վերցրեց, սակայն երբ մի կերպ և դեռ այսօր բացեցինք ճանապարհը, ապա պայմանով, որ դրոշը տան մեզ։ Այրեցինք բեռնատարի թուրք վարորդից վերցրած դրոշն ու բացեցինք ճանապարհը, սակայն սա դեռ ամենը չէ»։

Մյուս ականատեսներն էլ պատմեցին, որ հայ պատգամավորն ասել է, որ Հայաստանը հումանիտար օգնության կարիք չունի, բեռնատարները բարձել պետք չէ, փոխարենը կարող են գումար ուղարկել.

«Մեզ ասում են մի բան, որը մենք արդեն կազմակերպել ենք, և շուտով բոլոր համայնքները գումար կփոխանցեն հայկական բանակին։ Մեզ չեն առաջնորդում, խնդիրը չեն լուծում, սահմանները բացելու հարց չեն բարձրացնում, ՀՀ իշխանությունը չի բանակցում, բայց լավ է, որ անեն ինչ խաղաղ ավարտվեց։ Չնայած նշեմ՝ միևնունն է՝ բեռնատարները Արցախ գնալու են, կամավորները`ևս»։