ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները


ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները
Սեպտեմբեր 30 01:13 2020

Սեպտեմբերի 29-ին Վիեննայում կայացել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ ժողովը ԼՂ հակամարտության շուրջ զարգացումների հարցով, որին ներկա են գտնվել ԵԱՀԿ 57 անդամ երկրների ներկայացուցիչները: Այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Քննարկման սկզբում Մշտական խորհրդի նախագահ Իգլի Հասանին ընդգծել է նախագահության մտահոգությունը տեղի ունեցող բախումների տեղում իրավիճակի վատթարացման շուրջ: Վերջինս կրկնել է ԵԱՀԿ նախագահության՝ անհապաղ ապաէսկալացման կոչը և ցավակցություն հայտնել զոհերի և վիրավորների հարազատներին:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ անձամբ բարձր մակարդակով տեղեկություն է ստացել դեպքի վայրից: Նա նաև նշել է, որ սերտ շփման մեջ է եղել կողմերի հետ, և որ իր թիմը պատրաստ է վերականգնել տեղում իրականացվող մոնիթորինգը, հենց որ իրավիճակը թույլ տա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են բոլոր կողմերին ուղղված իրենց կոչն անհապաղ հրադադար հաստատելու և բանակցությունները վերսկելու մասին, որպեսզի հակամարտության կայուն լուծում գտնվի:

ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել է բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու կարևորությունը և հաստատել իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը:



loading...