Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիական օբյեկտներ են վնասվել. ադրբեջանական կողմը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)


Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիական օբյեկտներ են վնասվել. ադրբեջանական կողմը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 27 23:24 2020

Վաղ առավոտվանից մինչև հիմա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են, նաև ԱԹՍ-ով հարվածել են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտների, նախնական տվյալներով` քաղաքացիների շրջանում 30-ից ավելի վիրավորներ կան և հաստատված 2 քաղաքացիական զոհ: «Արցախի» տեղեկատվական շտաբում Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիական օբյեկտներ են վնասվել` տներ, ճանապարհներ, այլ տիպի ենթակառուցվածքներ, ջրատարներ, գազատարներ և այլն: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: Նրանք չեն կարող ասել, որ ռազմական օբյեկտներ են ցանկացել թիրախավորել, քանի որ այդ բնակավայրերը հեռու են եղել ռազմական օբյեկտներից»,- ասաց նա:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` իրենք արդեն փաստերի հավաքմամբ են զբաղված, զեկույցի տեսքով դրանք հրապարակելու են: «Առաջիկա օրերին ամփոփելու ենք և հրապարակելու ենք այդ ապացույցները` լուսանկարներով, տեսանկարահանմամբ: Կարծում եմ, որ զինծառայողների նկատմամբ էլ բավականին լուրջ հանցագործություններ տեղի ունեցած կլինեն Ապրիլյան պատերազմի օրինակով: Նախնական տեղեկություններ ունենք, բայց դեռ ճշտված չեն: Դրա համար զերծ եմ մնում հստակ տեղեկատվությունից»,- ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց նաև, որ միջազգային հանրությունը պետք է աջակցություն ցուցաբերի այս պատերազմի հետևանքով ներքին տեղահանվածներին: «Թեև ես համոզված եմ, որ հայության ուժերով մենք ամբողջ հարցը կլուծենք, բայց մյուս կողմից` միջազգային հանրությունը պետք է շատ արագ արձագանքի, և իրավապաշտպան համայնքը պետք է այցելի Արցախ ու փաստահավաք առաքելությամբ հանդես գա` անկախ մեր քաղաքական կարգավիճակից: Ես կարող եմ ասել, որ այս պատերազմը նաև նրանց պատճառով է` միջազգային հանրության, ներառյալ իրավապաշտպան համայնքի,  քանի որ Ապրիլյան պատերազմից հետո իրենք պատշաճ գործողություններ չիրականացրին, պատշաճ իրավական ու քաղաքական գնահատական չտվեցին, ու Ադրբեջանն իրեն ավելի ազատ ու սանձարձակ զգաց»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։