«Մեդիա պաշտպանը» կոչ է անում «Ազատություն» ռադիոկայանին զերծ մնալ ադրբեջանական քարոզչական թեզերի շրջանառումից


«Մեդիա պաշտպանը» կոչ է անում «Ազատություն» ռադիոկայանին զերծ մնալ ադրբեջանական քարոզչական թեզերի շրջանառումից
Սեպտեմբեր 27 11:37 2020

Կոչ ենք անում «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը պատերազմական իրավիճակում գործել պաշտոնական տեղեկատվական դաշտում և զերծ մնալ ադրբեջանական քարոզչական թեզերի տարածումից:  Այս մասին  հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը իր ֆեյւսբուքյան էջում:

«Վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Հայկական լրատվամիջոցները փորձում են ադրբեջանական ագրեսիայի մասին թե Հայաստանի և Արցախի բնակչությանը, և թե միջազգային հանրությանը օպերատիվ և համապարփակ տեղեկատվություն տրամադրել: Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղը թշնամական քարոզչական թեզեր է շրջանառում` «Հայաստանն ասում է, որ Ադրբեջանը հարձակում է գործել Ղարաբաղի դեմ» բառակապակցությամբ կասկածի տակ դնելով ՀՀ ՊՆ և ԱԳՆ, Արցախի ՊԲ պաշտոնական հայտարությունները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի տարածքում գործող լրատվամիջոցի նման ոչ միանշանակ գործելաոճը։ «Մեդիա պաշտպանը» կոչ է անում «Ազատություն» ռադիոկայանին մնալ պաշտոնական տեղեկատական քաղաքականության դաշտում և զերծ մնալ հայկական մեդիադաշտում ադրբեջանական քարոզչական թեզերի շրջանառման գործելաոճից»: