«Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին


«Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին
Սեպտեմբեր 25 15:43 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքից հնարավոր պատժամիջոցների առնչությամբ հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան միասին կարող են տնտեսապես բավարարել իրենց կարիքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շատ հարցեր այսօր կարող ենք լուծել, սակայն չենք լուծում: Գիտեք` մեզ միշտ պետք է մեկը, որ խթան դառնա մեզ համար: Եվ դա ինչ-որ առումով դժբախտություն է, որը վրա է հասել այս գունավոր հեղափոխությունների հետ կապված և մեզ ստիպել է ավելի լուրջ նայել մեր հարաբերություններին: Եվ մենք հասկացանք, որ չնայած որ սա մեր՝ Բելառուսի ու Ռուսաստանի համար շատ բարդ դրություն է, այնուամենայնիվ՝ կարող ենք առանց նրանց էլ գլուխ հանել»,- հայտարարել է Լուկաշենկոն: 

«Մենք շատ լավ զարգացած արդյունաբերություն ունենք, Բելառուսում և Ռուսաստանում շատ լավ զարգացած է գյուղատնտեսությունը, կարող ենք կերակրել ու հագուստով ապահովել մարդկանց, բավականաչափ ռեսուրսներ, լավ գիտատեխնիկական բազա ունենք, էլ ի՞նչ չի բավականացնում մեզ: Պետք է հավաքվել, ընդհանուր ծրագրեր գծել և գործել՝ բոլորին ապահովելով ամեն անհրաժեշտ բանով»,- ընդգծել է Լուկաշենկոն: 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:

Արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։

Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո մտադիր է բողոքի անժամկետ ակցիա անցկացնել, ինչի մասին հայտնել է բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն:

«Մենք երբեք չենք համաձայնի ընտրակեղծիքների հետ և պահանջում ենք նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլորին սկսել անհնազանդության անժամկետ ակցիա»,-Telegram-ում գրել է Լատուշկոն:
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։

Երկրում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել Լուկաշենկոն: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել: