Ջոնսոնը «կանաչ» հեղափոխությունը կորոնավիրուսին պատասխան է անվանել


Ջոնսոնը «կանաչ» հեղափոխությունը կորոնավիրուսին պատասխան է անվանել
Սեպտեմբեր 24 23:08 2020

Բնապահպանական հեղափոխությունը համաշխարհային տնտեսության համար կարող է հնարավորություն դառնալ՝ հաղթահարելու կորոնավիրուսի համավարակի առաջացրած դժվարությունները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ տեսակապով խոսելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նոր արդյունաբերական կանաչ հեղափոխությունը ստեղծված իրավիճակից միանգամից դուրս գալու հնարավորություն է»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը՝ խոսելով համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության մասին:

«Ես ձեզ համար լավ լուր ունեմ այս տարի Մեծ Բրիտանիայի կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ՝ կարծես այս տարի այդ մակարդակը 8-10%-ով ցածր կլինի նախորդ տարիների համեմատ: Վատ նորությունն այն է, որ մենք դրան հասանք կորոնավիրուսից առաջացած մեծ տնտեսական ցնցումն ապրելուց հետո»,- ասել է Ջոնսոնը:

Պատմելով վերականգնվող աղբյուրներից Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիա արտադրելու «մեծ հնարավորությունների» մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ թագավորության կառավարությունը ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 2050 թվականը զրոյացնելու հավակնոտ պարտավորություն է ստանձնել՝ կյանքի կոչելով աշխարհի ամենախիստ բնապահպանական օրենքներից մեկը: Բրիտանիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից նման համաձայնեցված միջոցառումները կարող են փոխել իրավիճակը աշխարհում: «Ես ուզում եմ, որ մնացած բոլորը նույնքան հավակնոտ լինեն»,- ասել է Ջոնսոնը` օրինակ բերելով ածխածնի արտանետումները մինչեւ 2060 թվականը զրոյացնելու նախագահ Սի Ցզինպինի խոստումը: «Սա գերազանց է, սա հզոր ուղերձ է աշխարհին»,- ասել է Ջոնսոնը:

Նա նաեւ հավելել է, որ դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիան եւ ՄԱԿ-ը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գագաթաժողով կանցկացնեն: «Ես վախենում եմ, որ դա դեռ վիրտուալ գագաթաժողով կլինի, բայց այն դեռ շատ կարեւոր հնարավորություն կլինի մեզ համար` տեսնելու, թե որտեղ ենք մենք, եւ որոնք են մեր հավակնությունները, եւ հուսով եմ, որ բոլորը կարող են մասնակցել դրան»,- ասել է Բրիտանիայի վարչապետը:

«Կորոնավիրուսն անակնկալի բերեց մարդկությանը, եկեք դա ընդունենք, սակայն կլիմայի փոփոխության վերաբերյալ ոչ ոք չի կարող ասել, որ մեզ չեն նախազգուշացրել, եւ որ այժմ մենք ի վիճակի չենք կատարել անհրաժեշտ նախապատրաստություններ»,- եզրափակել է իր խոսքը Ջոնսոնը: