Վրաց-ադրբեջանական սահմանային համաձայնագիրը կարող է վերանայվել


Վրաց-ադրբեջանական սահմանային համաձայնագիրը կարող է վերանայվել
Սեպտեմբեր 24 22:56 2020

2006-2007թթ. Վրաց-ադրբեջանական սահմանային համաձայնագիրը կարող է վերանայվել, քանի որ նոր քարտեզագրական նյութեր են ձեռք բերվել Դավիթ Գարեջայի մենաստանային համալիրի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին այսօր` սեպտեմբերի 24-ին Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, գրում է eadaily.com կայքը:

Զալկալիանին նշել է, որ համաճարակի պատճառով սահմանների գծանշման համատեղ հանձնաժողովի աշխատանքները բարդացել են, բայց չեն դադարել:

«Մեր կողմից հայտնաբերվել են նոր քարտեզագրական նյութեր, որոնք տրամադրվել են ադրբեջանական կողմին: Այս նյութերի վերլուծության արդյունքում չեմ բացառում, որ անհրաժեշտ կլինի վերանայել 2006-2007 թվականներին ձեռք բերված համաձայնությունը: Հուսով եմ ՝ առաջընթաց կունենանք »,-ասել է Զալկալիանին:

Նա չի հստակեցրել, թե ինչ քարտեզագրական նյութերի մասին է խոսքը:

Իր հերթին, ադրբեջանցի դիվանագետը ընդգծել է, որ ավելի լավ է այդ հարցը թողնել մասնագետներին ու պրոֆեսիոնալներին:

«Նրանց աշխատանքի համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, քաղաքական գործընթացները խանգարում և ձգձգում են։ Վրաստանի և Ադրբեջանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ դիտարկել կամ կարգավորել: Հավատում եմ, որ այս հարցը կկարգավորվի մոտ ժամանակներս»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Բայրամովը Թբիլիսի է ժամանել իր առաջին պաշտոնական այցով: Նախարարները քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և գծանշման հարցը: 2007 թվականին երկրները համաձայնություն են ձեռք բերել ընդհանուր սահմանի 70% -ի սահմանազատման վերաբերյալ:



loading...