Որ դեպքում կտապալվի ՍԴ նախագահի ընտրությունը


Որ դեպքում կտապալվի ՍԴ նախագահի ընտրությունը
Սեպտեմբեր 24 20:05 2020

Երկրորդ օրն է՝ Սահմանադրական դատարանում շարունակվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը: Ներկա պահին կա ՍԴ նախագահի մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը:  

Թեմայի շուրջ  ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ եթե միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, ապա ՍԴ նախագահ դառնալու համար իրեն անհրաժեշտ կլինի 5 կողմ ձայն.  «Եթե թեկնածուները երկուսն են՝  հաղթողը պետք է ստանա 6 կողմ ձայն»,- նշեց նա:

Սահմանադրագետից  հետաքրքրվեցինք նաև, թե ինչ մեխանիզմի դեպքում կարող է տապալվել ՍԴ նախագահի ընտրությունը. « Եթե, օրինակ, Խունդկարյանը 5 կողմ ձայն չստացավ, ենթադրենք՝ 9 դատավորներից 2-ը ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը, մնացին 7 հոգի, որից 4-ը կողմ քվերակեց, 3-ը՝ դեմ, ընտրությունը կտապալվի և նոր ընտրություներ կլինեն՝ նոր թեկնածուների առաջադրմամբ»,- պարզաբանեց Վարդան Այվազյանը: 

Սահմանադրագետի խոսքով` ՍԴ-ում ճգնաժամ չկա, որ նորընտիր ՍԴ նախագահն էլ հաղթահարի այն. «ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա, իրական, ամենամեծ ճգնաժամն Աժ-ում է, որը  իր վարքագծով ցույց տվեց ՍԴ դատավորների ընտրության ժամանակ, երբ տարբեր մակարդակներում ԱԺ-ում հայտարարում էին, որ շատ պատգամավորներ այսպես թե այնպես չեն քվեարկելու, բայց մի գիշերվա ընթացքում բոլորին հրահանգ իջեցվեց և խելոք քվեարկեցին»,- ընդգծեց նա:

Մեր այն հարցին, թե սահմանադրագետը ՍԴ դատավորներից ո՞ւմ է տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում` պատասխանեց. «Բացի Վահե Գրիգորյանից, բոլորին շատ լավ ճանաչում եմ, բոլորի հետ մտերիմ եմ և բոլորին էլ տեսնում եմ ՍԴ նախագահի պաշտոնում»,- եզրափակեց Վարդան Այվազյանը: