Միայն Սամվել Ալեքսանյանի կառուցածը չէ, այլ հազարավոր ապօրինի շինություններ ունենք Երեւանում. Հայկ Մարության


Միայն Սամվել Ալեքսանյանի կառուցածը չէ, այլ հազարավոր ապօրինի շինություններ ունենք Երեւանում. Հայկ Մարության
Սեպտեմբեր 24 18:55 2020

Շատ երկար տարիներ այստեղ ապօրինի շինություններ են կառուցված եղել եւ միայն պարոն Սամվել Ալեքսանյանի կառուցածը չէ, այլ հազարավոր ապօրինի շինություններ ունենք Երեւանում: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ցավում եմ, որ այդ միտումը գնացել է եւ ցավն այն է, որ մենք ունենք կառավարության որոշում, որը թույլ է տալիս քո ապօրինի շինությունն օրինականացնես:

Այդ որոշումը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար: Այսինքն մարդը գիտի, որ ապօրինի շինություն կատռուցի, հետո կարող է դիմել եւ օևրինականացնել իր շինությունը: Մենք արդեն 2019-ի փետրվարին դիմել ենք կառավարությանը, նախագիծ ենք պատրաստել, որ կառավարության այդ որոշման մեջ փոփոխություն լինի, որ գոնե համայնքային եւ պետական հողերի վրա, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավունք չունենա ինքնակապ, ապօրինի շինությունն օրինականցնելու:

Ցավոք սրտի, պրոցեսը երկարել է, որովհետեւ տարբեր գերատեսչություններտարբեր կարծիքներ են տալիս, եւ մեր այս նախագիծն անընդհատ շրջանառության մեջ է, բայց ոնց որ թե, ի ուրախություն մեզ, այս ամենը հասնում է իր դրական ավարտին:

Այսինքն մենք առնվազն համայնքային եւ պետական հողի վրա կառուցված ապօրինի շինությունը չենք օրինականացնելու»,-ասաց քաղաքապետը:

Նա հստակեցրեց, որ խոսքը այդ պահից սկսած կռուցված ապօրինի շինությունների մասին է. «Այսինքն մինչ այդ կառուցված բոլոր ինքնակամ կառույցները ունենալու են երկու ճանապարհ. կամ իրենք դիմելու են եւ մեզ վրա պարտավորություն կա դա օրինականացնելու, կամ կամ մենք մերժելու ենք օրինականացումը եւ հմաատասխան ընթացք է ստանալու այդ ամենը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին։

Ըստ կայացված որոշման՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Երեւանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ:

Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երեւանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Նրա լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռեւս 2005 թվականին եւ իրենք դիմելու են Երեւանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, Ալեքսանյանի կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ Երեւան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որեւէ դիմում չի ներկայացվել եւ չի քննարկվել։

Որոշվել է Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:

Արդյունքում քաղաքապետը որոշել է.

Չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։



loading...