Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան


Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան
Սեպտեմբեր 22 14:45 2020

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ԱԳ նախարարի երեկվա պահվածքը Զարհուրելի է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ունեն հստակ քաղաքական նպատակ, դրանք ընդհանուր քաղաքականության մի մաս են: Դրան գումարեք թուրքական կողմի հայտարարությունները, եւ կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը: Պանթուրքիստական շրջանակների ախորժակը շատ ավելին է այլեւս, քան պարզապես Արցախը: Այս պարագայում լսել Նիկոլ Փաշինյանի չստացված դասախոսությունները, երբ նա պետք է դրա փոխարեն հակադարձեր Ալիեւին, լսել ԱԳ նախարարի խոսքը, որ չի մեկնաբանում Ալիեւի ելույթը, քանի որ այն հուզական էր, պարզապես զավեշտալի է»,-ասաց նա՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, եւ որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով։

«Ալիեւի հայտարարությունների հետեւում հստակ երեւում են տանկերն ու թնդանոթները: Եթե պատերազմ լինի, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես մեղավոր այդ պատերազմում: Տարակուսել կարելի է, թե ինչ խայտառակ աներեսությամբ է ՀՀ գործող վերնախավը՝ վարչապետ-ԱԳ նախարար զույգով, վերաբերվում այն խայտառակ ձախողումներին, որոնք արձանագրվել են արցախյան ուղղությամբ այս իշխանության օրոք»,- ասաց նա՝ նշելով, թե բանակցային գործընթացը տանուլ տված իշխանությունն այսօր տանուլ է տալիս նաեւ քարոզչությունը»,-ընդգծեց նա:

«Ալիեւը բաց տեքստով խոստովանեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան: Այն, որ մենք ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն իր ներքին իշխանությունն ամրացնելու համար պատրաստ է ոտնատակ տալ ազգային-պետական օրակարգը, իրականություն է»,- ասաց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հյայտարարությանը, թե կցանկանար, որ իր վերադասը լիներ ՀՀ վարչապետը՝ նկատի ունենալով, որ Արցախի ու հայաստանի միավորման կողմնակից է: Աշոտյանը նկատեց, որ դրանով ստորադասվում է ինքնորոշման իրավունքը:. «Կարելի է կամերաներն անջատել եւ 15 ավելի լավ կենաց խմել, թե ինչու պետք է Հայաստանն ու Արցախը միավորվեն: Դա չի կարող արվել բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, որովհետեւ խաթարում է բանակցային գործընթացի տրամաբանությունը, որը խարսխված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա»:



loading...