Այգեձոր գյուղում տեղադրվել է Տավուշում հուլիսի 14-ին զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը


Այգեձոր գյուղում տեղադրվել է Տավուշում հուլիսի 14-ին զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը
Սեպտեմբեր 21 22:15 2020

Տավուշում տեղադրվել է հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը: Նախաձեռնությունը կապիտանի հորեղբորորդու` Կարեն Արշակյանինն է:

«Տավուշում հուշաքար տեղադրելու մտադրությունն առաջացավ այն ժամանակ, երբ բեռնատարներով անվադողեր էին տարել  սահման: Երբ հուշաքարն արդեն պատրաստ էր, տարանք Տավուշ, տեղադրել ենք մոտ 2 շաբաթ առաջ, այդ ողջ ընթացքում մեզ հետ էր նաև Սոսի եղբայրը: Հուշաքարը տեղադրեցինք Այգեձոր համայնքի հենց մուտքի մոտ, այդ վայրը պատահական ընտրված տարածք չէ, հենց այդ ճանապարհով են ամեն օր անցում Սոսի մարտական ընկերները, հուշաքարից մոտ երկու մետր հեռու կա նաև ժայռի վրա քանդակած հսկայական խաչ, որը թրաձև է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Կարեն Արշակյանը:

 

Նախաձեռնության հեղինակը նաև պատմեց, որ հուշաքարի տեղադրման ժամանակ տարածքի բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ կատարել են Այգեձոր գյուղի բնակիչներն ու Սոսի մարտական ընկերները, նրանք բոլորն անձնապես ճանաչել են Սոսին  ու կարևորել համայնքի մուտքի մոտ հուշաքարի տեղադրման նախաձեռնությունը:

 

Կապիտան Սոսն իր ծառայության ընթացքում ապրել է Բերդ քաղաքում, որտեղ էլ սեպտեմբերի 19-ին բացվել է հուլիսյան մարտերի ժամանակ  զոհված չորս քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Բացմանը ներկա են գտնվել նաև Սոս Էլբակյանի ծնողները:

«Հենց այդ օրն էլ Սոսի ծնողներիը իր մարտական ընկերների ուղեկցությամբ գնացել  ու տեսել են հուշաքարը: Այգեձոր գյուղը Բերդից 35 կմ հեռու է, ծնողները շրջել են այն վայրերում, որտեղով անցել է իրենց զավակը ծառայության ընթացքում»,- նշել է Կարեն Արշակյանը:


Այսօր կայացել է նաև Սոս Էլբակյանի հիշատակին նվիրված «Մամ ջան չլացել» երգի ու տեսահոլովակի պրեմիերան, իսկ շուտով Մարմաշեն գյուղի գլխավոր թիվ 38 փողոցը կանվանակոչվի հերոս քաջորդու անունով, ցուցանակն արդեն տեղադրված է, համայնքի ավագանին առաջիկա նիստում համապատասխան որոշում կընդունի:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից էր, հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

shantnews.am