Հայտնի են դարձել Նավալնիի հագուստի փորձաքննության արդյունքները


Հայտնի են դարձել Նավալնիի հագուստի փորձաքննության արդյունքները
Սեպտեմբեր 21 18:17 2020

Ռուս մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որով նա եղել է հիվանդանոց տեղափոխելիս: Ըստ փորձաքննության արդյունքների՝ նրա իրերի վրա թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Ավելի վաղ Օմսկի առողջապահության վարչությունից Ինտերֆաքսին հայտնել էին, որ Նավալնիի իրերը գտնվում են իրավապահների մոտ և պետք է փորձաքննության ենթարկվեն:

Այսօր ռուս բլոգերը պահանջել էր վերադարձնել իր իրերը: Նավալնիի խոսքերով՝ հագուստը կարող է լինել կարևոր ապացույց, քանի որ իր մարմնի վրա թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել:

«Մինչ նախաքննական ստուգման 30 օրերը օգտագործվել են, որպեսզի թաքցնեն այդ կարևոր   ապացույցները: Ես պահանջում եմ, որպեսզի իմ իրերը փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և   վերադարձնեն ինձ»,- հայտարարել է ռուս ընդդիմադիր գործիչը:

 

Եվրոպացի մասնագետները հայտարարել էին, որ Նավալնիի մոտ հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութ: Նույն նյութը հայտնաբերվել է նաև ջրի շշում, որը Նավալնիի մտերիմները վերցրել են հյուրանոցի համարից: Իսկ ռուս բժիշկները պնդում են, որ կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում թունավոր նյութ չի հայտնաբերվել:



loading...